Հակաեկեղեցականների հերթական «մուտիլովկան»

Հակաեկեղեցականների հերթական «մուտիլովկան»

Ինչպես արդեն հայտնել ենք, փետրվարի 24-ին Էջմիածնում նախատեսված հակաեկեղեցական հավաքը, որ իրականացվում է «Վարդանանք» շարժման կողմից, չի կայանալու, քանի որ համայնքապետարանը Կոմիտասի հրապարակում հավաք անցկացնելու արտոնություն շարժման ներկայացուցիչներին չի տվել։ Երկու անգամ դիմում է եղել, սակայն առաջին դեպքում տրվել է արտոնություն, որը ժամեր անց չեղարկվել է, իսկ երկորդ դեպքում էլ հավաք անցկացնելու դիմումը միանգամից մերժվել է։ 

Ինչևէ, շարժման կազմակերպիչները չեն նահանջում․ եթե օրեր առաջ սոցցանցերում կեղծ փաստաթուղթ էին շրջանառում, որում նշված էր, թե իբր համայնքապետարանը հավաք անցկացնելու արտոնություն է տվել, ինչը հենց MediaHub-ի հետ զրույցում համայնքապետարանի խոսնակը հերքել էր, ապա այժմ էլ ձայնագրություններ են տարածվում, թե իբր ոստիկանությունը խոստացել է ապահովել հավաքի մասնակիցների անվտանգությունը։

ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց․ «Նախարարությունը հիմք է ընդունում Էջմիածնի համայնքապետարանի որոշումը, այսինքն՝ այն, թե արդյո՞ք համայնքապետարանի կողմից արտոնված է հավաքը, թե ոչ»։

Այսինքն՝ արտոնված հավաքների մասնակիցների անվտանգությունն է ապահովվում նախարարության կողմից։

Փաստացի, այս հավաքն արտոնված չէ, ուստի հավաքի մասնակիցների անվտանգությունը ՆԳՆ-ն չի ապահովելու։ 

Բացի այդ, տարածվող ձայնագրություններում նշվում էր, թե իբր ԱԺ անվտանգությունը ևս կանգնելու է հակաեկեղեցական պայքար իրականացնողների կողմից։

Այստեղ շարժման կազմակերպիչների սուտը բռնելը վայրկյանների հարց է․ ԱԺ-ն առանձին անվտանգություն չունի, այսինքն՝ կառույցի անվտանգությունն ապահովվում է ՊՊԾ-ի կողմից, ուստի ԱԺ-ն չի կարող որևէ կերպ ապահովել եկեղեցու դեմ դուրս եկած մարդկանց անվտանգությունը, եթե անգամ շատ ուզի։

Ինչ վերաբերում է ՊՊԾ-ին, ապա մեր աղբյուրները վստահեցնում են, որ կառույցը որևէ կերպ չի կարող միջամտել նման գործընթացներին։ Մարմնի գործառույթներն այլ են, ուստի իրենք այս հարցում չկան։

Նշենք նաև, որ ըստ մեր տեղեկությունների՝ շարժման մասնակիցները որքան էլ ակտիվ են սոցցանցերում ու հանրությանը նախապատրաստում են հակաեկեղեցական արշավին, այնուամենայնիվ, հավաքը հետաձգելու ներքին որոշում կա։ Այս լուրերն այժմ դաշտ են նետվում հանրության տրամադրությունը շոշափելու համար։

Նարե Գնունի