Նիկոլ Փաշինյանի հեռացումն աստիճանաբար ուրվագծվում է

«Ահա և վերջ, ասաց ծեր և իմաստուն ձին տեսնելով առաջին ավտոմեքենան»։ Ամենայն հավանականությամբ նման մի միտք անցած կլինի յուրաքանչյուր ՔՊ-ականի գլխով Փարաքարի ու Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո։ Եվ սա, թերևս, այն եզակի դեպքերից մեկն է, երբ ՔՊ-ականները ճիշտ են իրենց կարծիքում։ Այլևս ակնհայտ է, որ ՔՊ-ի հետհաշվարկը սկսված է, նրանք հիմնականում պարտվում են բոլոր համայնքներում։
Որքան էլ ՏԻմ ընտրություններն իրենց տրամաբանությամբ տարբերվեն համապետական ընտրություններից, սակայն գերքաղաքականացված մթնոլորտում հանրության արձագանքն այլևս ոչ թե լինում է անձնավորված, այլև վերածվում է հստակ քաղաքական գնահատականի այս կամ այն ուժին։ Հետևաբար թե' Փարաքարում, թե' Գյումրիում պարտվեցին ավելի շատ ոչ թե ՔՊ թեկնածուները, այլ հենց ՔՊ կուսակցությունն ամբողջությամբ, հատկապես եթե հաշվի առնենք, որ Գյումրիի ընտրություններին լծված էր ամբողջ պետական ապարատն ու ՔՊ ողջ վերնախավը։ Այն տոկոսներն էլ, որը Գյումրիում ստացավ ՔՊ թեկնածուն, դա ավելի շատ պետական ապարատի, վարչական ռեսուրսների օգտագործման արդյունքն էր։
Հաշվի առնելով այս ամենը, միանշանակ է, որ կիրակի օրը ՔՊ-ն տապալվեց ՏԻՄ ընտրություններում։ ՔՊ-ի այս պարտությունները դրական ազդակ կարող են հանդիսանալ նաև մյուս համայնքների համար, որտեղ թեպետ ՔՊ-ից դժգոհության ալիքը նույնպես բարձր է, բայց կծառայի որպես ոգևորության հավելյալ ազդակ։
Այս իրավիճակում ընդդիմությունը չպետք է ձեռքերը ծալած նստի, ակնկալելով, որ ՔՊ-ի պարտությունը ՏԻՄ ընտրություններում ինքնաբերաբար բերելու է նրանց պարտությանը նաև համապետական ընտրություններին։ Նախ մինչև համապետական ընտրություններ դեռևս մի տարուց ավելի ժամանակ կա, իսկ իշխանությունն օբյեկտիվորեն գործելու ավելի մեծ հնարավորություններ ունի, բացի այդ, կանգնելով վերջնական տապալման եզրին, իշխանությունը կարող է գործի դնել իր ողջ ռեսուրսները, դիմել լայնածավալ բռնաճնշումների, ընտրակեղծիքների ու ընտրակաշառքների։
Սակայն հաճախ այդ գործոնների արդյունավետությունը ուղիղ համեմատական է լինում ընդդիմության ոչ բավարար աշխատանքի, այսինքն հաջողվում է այնքանով, որքանով չի հանդիպում լուրջ հակազդեցության։ Հաճախ էլ իշխանությունների կողմից իրականացվող չափից դուրս անօրինական գործողությունները ունենում են հակառակ ազդեցություն ու բումերանգի էֆեկտ։
Հետևաբար հենց այսօրվանից ընդդիմությունը պետք է լծվի աշխատանքի, ՔՊ-ի Փարաքարի ու Գյումրիի պարտությունները պետք է գեներացվեն հանրապետության ողջ տարածքով, ընդդիմությունը պետք է գործի այնպես, որ ամբողջ հանրապետությունը զգա ՔՊ-ի հեռանալու շունչը։
Շատերը թյուրիմացաբար կարծում են, թե ընդդիմությանը տրվում է գործելու անսպառ ժամանակ, սակայն դա քաղաքական անգրագիտություն է։ Ընդդիմությունը որպես քաղաքական միավոր նույնպես կրում է քաղաքական պատասխանատվություն ներքաղաքական կյանքում ընթացող գործընթացների հանդեպ, ընդ որում, գործում է որոշակի ժամանակահատվածում։ Որևէ մեկը պարտավոր չէ հավերժ սպասել մյուսին ու երբ այս կամ այն ընդդիմադիր միավորը, որը տվյալ ժամանակահատվածում ստանձնում է լոկոմոտիվի դերը, չի կարողանում հասնել այն արդյունքին, որը նրանից ակնկալվում էր, ապա աստիճանաբար հայտնվում է քաղաքական լուսանցքում ու ներքաղաքական պայքարը հանգում է ոչ թե իշխանափոխության, այլ ընդդիմափոխության։ Սրանք քաղաքական պարզ կանոններ են, որոնք հիմնականում գործում են անվրեպ, քանի որ կյանքը կանգ չի առնում ու ենթարկվում է դինամիկ զարգացման։
Ուստի, ևս մեկ անգամ ցանկանում եմ շեշտել ու կրկնել, հենց այսօրվանից ընդդիմության հաղթանակը Գյումրիում ու Փարաքարում պետք է գեներացնել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով ու հանգուցալուծել Նիկոլ Փաշինյանի հեռացմամբ։
Կարեն Կարապետյան