Էդմոն Մարուքյանի վերջին նշանակումով պայմանավորված, դադարեցնում եմ անդամակցությունս ԼՀԿ-ին. Կոստանյան

Անհամատեղելի էին պատկերացումներս, քաղաքական տրամաբանությունը կուսակցության դիրքավորման հետ, ըստ այդմ՝ որոշեցի դուրս գալ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը՝ մանրամասնելով․
«Վերջին շրջանում կուսակցության դիրքավորման ու, մասնավորապես, վերջին կայացված որոշման առնչությամբ, այսինքն՝ կուսակցության ղեկավարի նշանակումը որպես տարբեր հանձնարարություններով դեսպան, որի հետ ես հաշտ կամ համակարծիք չեմ եղել, կայացրեցի նման որոշում։ Այդ մասին էլ կուսակցության քննարկումների ժամանակ հայտնել եմ։ Ըստ էության, ոչ մի եզր չտեսնելով և չտեսնելով նաև այն ապագան, որ կարելի է ենթադրել այդ պաշտոնին նշանակվելու պարագայում՝ հօգուտ ՀՀ-ի, ըստ դրա՝ դադարեցրի անդամակցությունս»։
Կոստանյանն հավելեց, որ իր գործունեությունը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, շարունակելու է ի շահ Հայաստանի։
«Շարունակելու եմ որպես հասարակական գործիչ, հասարակական գործունեության վերաբերյալ արդեն իսկ ունեմ որոշակի պլաններ հիմնադրամային գործունեությամբ ՀՀ-ում և Արցախում ծավալելու»,- ասաց Կոստանյանը։
Հարցին՝ արդյոք «Լուսավոր Հայաստանում» վերջինս չէր կարող հայանպաստ գործունեություն ծավալել, Կոստանյանը նշեց․
«Եթե քաղաքական հայացքների տարբերություն կա, բնականաբար կուսակցությունն իր կարծիքն ունի, պետական շահի վերաբերյալ, այս պարագայում ես համարում եմ, որ ինքս, չհավատալով կուսակցության բռնած դիրքորոշմանը, չեմ կարող շարունակել այդ տրամաբանյության մեջ գործել ի շահ մեր պետության»։
Այն ճշտող հարցին՝ կուսակցությունից դուրս գալով պայմանավորված՝ արդյոք կուսակցության ղեկավարի և իր հարաբերությունները չեն վատացել, Կոստանյանը բացառեց․
«Բացարձակ ոչ մի դեստրուկտիվ խոսակցություններ չեն եղել, որը որ միգուցե կարելի էր ենթադրել, մարդկային հարաբերությունները պետք է քաղաքականությունից տարանջատել։ Համենայնդեպս, մինչ այս պահը կուսակցության անդամները հարգանքով են մոտեցել որոշմանս»։
Մերի Գևորգյան