18 հարցից 17-ը՝ չզեկուցվող․ Երևանին ավագանին կառավարությունից «խոնավություն է» քաշել

Երևանի ավագանին կառավարությունից վատ օրինակ է վերցրել՝ ավագանու նիստերի օրակարգում ավելի շատ չզեկուցվող, քան զեկուցվող հարցեր է ընդգրկում։ Երևի ալարում են ամառվա շոգին նիստ անեն։
Օրինակ՝ հունիսի 25-ին գումարվող ավագանու նիստի օրակարգում ընդամենը 18 հարց է ընդգրկված, որից 17 հարցը՝ չզեկուցվող։ Եւ միայն մեկ հարցն է զեկուցվող, այն էլ փողոցային երաժիշտների «մշակութային» գործունեությունը կենտրոնի մի շարք փողոցներում արգելող նախագիծը։
Այդ նախագծով, հիշեցնենք, արգելվում է մշակութային գործունեություն իրականացնել Երևան քաղաքի ստորև նշված հանրային բացօթյա վայրերում՝ Հանրապետության հրապարակ և դրան հարակից 100 մետր շառավղով տարածք, Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա պողոտա-Տերյան-Թումանյան փողոցներով պարփակված տարածք, Հյուսիսային պողոտա և դրան հարակից 100 մետր շառավղով տարածք։ Մնացած հարցերը չզեկուցվող են, որոնց մեծ մասն էլ իրենց հերթին տարբեր վայրերում շինթույլտվությունների վերաբերյալ նախագծեր են, որոնք մայրաքաղաքի ավագանին հարկ չի համարել զեկուցել և հանրայնացնել նիստի ընթացքում։
Վահե Մակարյան