ՊՆ առանցքային պաշտոնները թափուր են, Գյումրու ավագանիում այսօր թեժ է լինելու.Մամուլը՝ սուրճով

ՊՆ առանցքային պաշտոնները թափուր են, Գյումրու ավագանիում այսօր թեժ է լինելու.Մամուլը՝ սուրճով

«Հրապարակը» գրում է․ Մեկ տարուց ավելի է, ինչ Հայաստանի գլխավոր զինկոմի պաշտոնը թափուր է՝ ԺՊ-ն Արեն Սարգսյանն է։ Նախկին պետ Արմեն Ավթանդիլյանին պաշտոնից ազատել են անցած տարվա օգոստոսին։ Շուրջ 2 ամիս թափուր է նաեւ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը. Սասուն Բադասյանին պաշտոնից ազատելուց 2 ամիս է անցել, սակայն այն չի համալրվել: Անցած շաբաթ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին Գեղամ Մանուկյանը հարց ուղղեց` ինչո՞ւ չեն համալրվում, բայց հստակ պատասխան չստացավ։

ՊՆ առանցքային պաշտոնները տեւական ժամանակ թափուր պահելու փաստը հատկապես ուշագրավ է այն տեղեկության ֆոնին, որ Ալիեւը խաղաղության պայմանագիր ստորագրելու նախապայմաններից մեկն էլ համարում է Հայաստանի Հանրապետության ապառազմականացումը: Հնարավոր է, որ հենց սրանով է պայմանավորված առանցքային պաշտոնները թափուր թողնելու հանգամանքը: Թեպետ չի բացառվում, որ ուղղակի կադրեր չունեն

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի անակնկալ հրաժարականից հետո, փաստացի, համայնքը ղեկավար չունի:

Այսօր ՀՀ երկրորդ քաղաքի ավագանին նոր համայնքապետի ընտրության օրակարգով նիստ է հրավիրել:

ՏԻՄ օրենքի համաձայն՝ ավագանու նիստը համայնքի ղեկավարի կամ նրա տեղակալի որոշմամբ է հրավիրվում, սակայն քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հոկտեմբերի 27-ին ՔՊ-ի ճնշումների ներքո հրաժարական տվեց, փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանն էլ տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը. աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրելու։

Բայց այս պայմաններում, ամեն դեպքում, այսօր արտահերթ նիստ է հրավիրված. այն կկայանա եթե ավագանու 17 անդամ ներկա լինի: Եթե կամ քվորումի բացակայությամբ նիստը չկայանա, կամ կայանա, բայց համայնքի ղեկավար չընտրվի, ապա ավագանին կլուծարվի։

Իշխանությունները հակված են նաեւ Գյումրիում արտահերթ ընտրությունների գնալ:

Ինչպես ՔՊ-ն հայտարարել է՝ իր թեկնածուն պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանն է:

Կարող ենք արդեն կանխատեսել ՔՊ-ի ծրագիրը. ավագանու միջոցով տապալել համայնքապետի ընտրությունը, որպեսզի Սարուխանյանը նշանակվի ԺՊ»:

 

«Հրապարակը» գրում է․ Թեեւ Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ փակ նիստում սաստել է կուսակիցներին՝ հորդորելով այլեւս չխոսել հայտնի լսումներից ու Արգիշտի Քյարամյանին պատժելուց, սակայն ՔՊ ներքին զրույցների թեման շարունակում է մնալ Քյարամյանին պատասխանատվության ենթարկելու պահանջը։ Նրանց կարծիքով, չպետք է Քյարամյանն անպատիժ մնա, քանի որ անհարգալից պահվածք է դրսեւորել խորհրդարանի՝ որպես ինստիտուտի նկատմամբ եւ փողոցային ժարգոնով խոսել դահլիճում նստածների հետ, հրապարակային մեղադրանքներ է հնչեցրել Հովիկ Աղազարյանի հասցեին, թե իբր նա փորձել է որդու գործով հովանավորչություն անել:

Այսինքն՝ ՔԿ ղեկավարն «իմացել, չի հայտնել» մինչեւ լսումները, ինչը նույնպես հանցանք է: Բայց ամենակարեւորը՝ ՔԿ ղեկավարն ԱԺ ամբիոնից հրապարակավ խոստովանել է, որ, լինելով քննչական կառույցի ղեկավար, առաջնորդվել է ոչ թե փաստերով, այլ օրենք է մեկնաբանել։ Խոսքն ԱԱՀ-ն վերադարձնելու վերաբերյալ հայտնի փոփոխության մասին է, որը հնարավորություն է տալիս ավտոներկրողներին Արեւմուտքից ներկրած, ապա Ռուսաստան արտահանած մեքենաների ԱԱՀ-ն հետ ստանալ: Օրենքը, անշուշտ, բաց ունի, որից փորձել են օգտվել որոշ բիզնեսմեններ, բայց դա ո՛չ Քյարամյանի, ո՛չ էլ ՊԵԿ-ի լուծելիք խնդիրն է, այն էլ՝ քրեական գործեր հարուցելու ճանապարհով: Եթե կար բաց, պարտավոր էին դիմել խորհրդարանին եւ առաջարկել հստակեցումներ մտցնել, մինչդեռ Քյարամյանն «առաջնորդվել է սեփական կարծիքով»՝ ասելով. «Մի ինչ-որ փուլում` ՊԵԿ-ի մեր շատ հարգելի գործընկերների հետ միասին որոշվեց, որ պետք է վերջ դրվի, մեր տեսանկյունից՝ պետության նկատմամբ խայտառակ վերաբերմունքին․․․»։