«Շիրակ» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել

Գյումրու «Շիրակ»  ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել։

«2023 թվականի դեկտեմբերի 29-ին Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցավ ողբերգական դեպք. ուժեղ քամուց ակադեմիայի պարսպի մոտ 25 մետր հատված փլուզվեց, ինչն էլ քաղաքացու մահվան պատճառ դարձավ: Դեպքի առթիվ նախաձեռնված է հանրային քրեական վարույթ:

Դժբախտ պատահարից անմիջապես հետո դեպքի մասին պատշաճ տեղեկացրել ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, որը հանդիսանում է Գյումրու ֆուտբոլի ակադեմիայի ենթակառուցվածքների նոմինալ սեփականատերը:

Անցել է մեկուկես տարի, բայց ՀՖՖ ոչ մի ներկայացուցիչ անգամ հարկ չի համարել այցելել ակադեմիա՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար:

Այս ընթացքում բազմիցս դիմել ենք ՀՖՖ-ին՝ վեր հանելու ակադեմիայի շին. փաստաթղթերը, ինչպես նաև առաջարկվել է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ ակադեմիայում շինարարական և անվտանգային խնդիրներն արձանագրելու և համապատասխան լուծումներ տալու ուղղությամբ: Սակայն կրկին հանդիպել ենք ՀՖՖ ղեկավարության բացարձակ անտարբերությանը:

Ակադեմիայում մարզվող սաների անվտանգությունն որպես առաջնահերթություն ընդունելու և հետագայում նման ողբերգության հավանականությունը նվազեցնելու նպատակով՝ «Շիրակ» ֆուտբոլային ակումբին այլ ելք չի մնում, քան Գյումրու ֆուտբոլի ակադեմիան հետ հանձնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային»,- ասվում է հայտարարությունում։