Արցախահայությունը էթնիկ զտման վտանգի առջև է, և այդ մասին բարձրաձայնել եմ․ Մանասյան
Ամեն կերպ փորձում եմ բարձրաձայնել Լաչինի միջանցքի փակ լինելու խնդիրը և այն ներկայացնել մեր միջազգային գործընկերներին։ Այդ մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը, ապա հավելեց, որ արցախահայությունն էթնիկ զտման վտանգի առջև է կանգնած, և դա պետք է մտահոգիչ լինի նաև միջազգային հանրության համար։
Նրա խոսքով՝ այս հարցում բոլորս պետք է մեկտեղենք մեր ջանքերը, որ կարողանանք հարցի ճշգրիտ և պատշաճ լուծման հասնել։
Հարցին, թե Տեղ գյուղում ի՞նչ անվտանգային խնդիրներ է առանձնացրել, Մանասյանը պատասխանեց՝ մարդու իրավունքների պաշտպանության խնդիրների մանդատով է մեկնել Տեղ համայնք:
«Պիտի անկեղծ լինեմ, որ ես պարզապես հիացած եմ Տեղի բնակիչների խիզախությամբ, բայց դրա հետ մեկտեղ չեմ կարող չնշել մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից այն խնդիրները, որոնք այս պահին առկա են: Մասնավորապես, շատ լուրջ խնդիրներ են առկա մեր քաղաքացիների կյանքի և անվտանգության իրավունքի, սեփականության իրավունքի, կրթության իրավունքի, ֆիզիկական, հոգեկան անձեռնմխելիության իրավունքի և մի շարք այլ իրավունքների տեսանկյունից: Այս առումով պետք է շատ համակարգված և գրագետ քաղաքականություն վարել»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։