Աղջիկս առանց պապայի ամուսնանալ չի ուզում, բայց ամուսինս դեռ Բաքվի բանտում է․ հայ ռազմագերու կին

44-օրյա պատերազմից երկու տարուց ավելի է անցել, սակայն Ադրբեջանը հայ ռազմագերիներին ամբողջությամբ չի վերադարձրել, մինչդեռ նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագիրը ենթադրում էր, որ կողմերը պետք է վերադարձնեն գերիներին։
2020 թվականից մինչև այսօր Բաքվի բանտում պահվող հայ ռազմագերիներից մեկի կինը (անունները չենք հրապարակվում՝ հասկանալի պատճառներով) MediaHub.am-ին պատմեց, որ ամուսնու հետ երբեմն հեռախոսազրույցներ են ունենում, այնքան, որքան թույլ է տալիս ադրբեջանական կողմը։
«Ավելին չի կարող ասել, միշտ ասում է՝ նորմալ է, իմ մասին մի մտածեք։ Դե, բնականաբար շատ հարցեր են հետաքրքրում մեզ, բայց երբ հարցեր եմ տալիս, ամուսինս լռեմ է կամ էլ թեման է փոխում »,-պատմեց կինը։
Կնոջ խոսքով՝ սպասողական վիճակում են և որքան ձգվում են օրերը, այնքան ավելի են հուսահատվում։ «Եվրոպական կողմը կուզեի, որ իրենց հարցն էլ բարձրաձայներ, որովհետև նրանք շատ ավելի երկար են Բաքվում, քան օրինակ սեպտեմբերի 13-ի մարտից հետո գերեվարվածները։ Բնականաբար, մեզ համար բոլորն էլ կարևոր են, որովհետև այնտեղ դժոխք է, բայց թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես սպառվել են, մեզ համար շատ կարևոր է նրանց առողջական վիճակը»։
Նախկինում, գերեվարվածների հարազատները հանդիպումներ էին ունենում Կառավարության անդամների հետ և գոնե որոշակի տեղեկություններ էին ստանում զարգացումների մասին, հիմա սակայն այլևս հույս չունեն։
«Այն փաստը, որ նրանց Բաքվում 20 տարի անհիմն դատել են, ինձ ավելի է անորոշության մեջ գցում, չեմ հասկանում, թե ի՞նչ պիտի լինի, ո՞նց պիտի լինի։ Ամուսնինս Հադրութից է գերեվարվել, իր հետ գերեվարվածները վերադարձել են, հանդիպել ենք, բոլորի հետ խոսել եմ»,-ասաց նա։
Կինը պատմեց, որ երկու երեխա ունեն։ «Երեխաներիցս մեկը նշանվել է, բայց հիմա մի սարսափելի իրավիճակի առաջ ենք կանգնել, ասում է՝ առանց պապայի չեմ ամուսնանա, բայց իրականում այն վիճակն է հասունացել, որ պիտի ամուսնանա։ Չգիտեմ, թե նրան ոնց ասեմ, շատ է ուզում, որ ներկա լինի աղջկա հարսանիքին, բայց քար լռություն է։ Էլի եմ ասում՝ հույսս եվրոպական կողմն է, մարդկային կյանքեր են ախր խորտակվում»։
Ընտանիքի անդամներն արդեն փորձում են չհետևել, թե երբ և քանի գերի է վերադառնում հայրենիք, ասում են՝ հուսախաբ են լինում ամեն անգամ։ «Ամեն անգամ, երբ գերիներ էին վերադառնում ու երեխաներս իրենց պապայի անունը չէին կարդում, ինձ երկար ժամանակ էր հարկավոր, երեխաներին այդ սթրեսից հանեի։ Ցավն այն է, որ նա կամավոր գնաց ու մինչև հիմա ձայնը միայն հեռախոսից ենք լսում։ Իշխանությունը պետք է կարողանա վերադարձնել իր գերիներին։ Անկեղծ եմ ասում՝ արդեն չգիտեմ, թե մեր պետությունն ինչ պետք է անի, այն ժամանակ երբ հանդիպում էինք, մտածում էի, որ կկարողանան վերադարձնել, բայց այս գործն ինչքան գնաց, այնքան հասկանում եմ, որ սայլը տեղից չի շարժվում ու այդ մարդկանց այնտեղ մեկ օր ավելի թողնելը հանցագործություն է։ Գուցե, քայլեր արվում են, բայց ես չեմ տեսնում, չգիտեմ»,-ընդգծեց կինը։
Լիաննա Թորոսյան