Այն ամենը, ինչ պետք է իմանալ դիմակայությունից առաջ. Նորվեգիա-Հայաստան

Վաղը՝ մարտի 29-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 2022թ․ երկրորդ հանդիպումը՝ Նորվեգիայում մրցելով այդ երկրի ազգային հավաքականի հետ, հայտնում է Armsport.am-ը։
Փորձենք հասկանալ՝ ինչպիսի հանդիպում է մեզ սպասվում, և ավելի մանրամասն ծանոթանալ մեր առաջիկա մրցակցի հետ։ Պատկերավոր կարծիք կազմելու համար կօգտվենք նաև մեր նախորդ մրցակցին՝ Չեռնոգորիային վերաբերվող որոշ ցուցանիշներից։ Այսպիսով, հետաքրքիր եռանկյունին կօգնի Նորվեգիա-Հայաստան հանդիպմանը մոտենալ բավականին տեղեկացված։
Առաջիկա հանդիպումը մեր ընտրանու համար խոստանում է լինել շատ ավելի բարդ, քան նախորդը։
Չեռնոգորիայի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 72-րդ տեղում է, այնինչ Նորվեգիան զբաղեցնում է 41-րդ տեղը։ Հիշեցնեմ, որ Հայաստանի հավաքականն իր հերթին 92-րդ հորիզոնականն է զբաղեցնում։
Մինչ Հայաստանի հավաքականի դեմ հանդիպումը՝ չեռնոգորցիները վերջին 10 խաղերից միայն մեկում էին հաղթել՝ չորս անգամ ոչ-ոքի խաղալով և կրելով հինգ պարտություն։ Հանդիպումն էլ տեղի ունեցավ մեր հարկի տակ։ Արդեն Նորվեգիայի դեմ մեր հավաքականը խաղալու է հյուրընկալվողի կարգավիճակում։
Ստոլե Սոլբակենի սաները 2021թ․ մինչ օրս անցկացրել են 13 հանդիպում (7 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 3 պարտություն)։ Այս պատկերը շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան պարզապես վիճակագրությունը։ Հարկ է նշել, որ նորվեգացիները յոթ հաղթանակներից միայն երկուսում են հաղթել խոշոր հաշվով՝ երկու դեպքում էլ հաղթելով Ջիբրալթարին։ Մնացած դեպքերում սկանդինավների մասնակցությամբ խաղերում գրանցվում է առավելագույնը երեք գոլ։
Չեռնոգորիայի հավաքականի բոլոր ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը կազմում է 31,45 միլիոն եվրո։ Մեր տղաների ընդհանուր տրանսֆերային արժեքը 13,98 միլիոն եվրո է։ Սկանդինավների համընդհանուր տրանսֆերային արժեքն էլ գնահատվում է 323,10 միլիոն եվրո՝ ավելի քան 23 անգամ շատ, քան Հայաստանինը։ Իհարկե, այս ահռելի մեծ թվի զգալի մասը կազմում է երկու աստղային առաջատարների՝ Էրլինգ Հոլանդի և Մարտին Էդեգորի տրանսֆերային արժեքների գումարը։ Հոլանդի դեպքում այն կազմում է 150 միլիոն, իսկ Էդեգորի դեպքում՝ 42 միլիոն եվրո։ Եթե անգամ հանենք այս երկու խաղացողների տրանսֆերային արժեքները, կստացվի 231,10 միլիոն եվրո, ինչը ևս հսկայական թիվ է՝ մեր թիմի ընդհանուր տրանսֆերային արժեքի համեմատ։
Ի դեպ, Աշխարհի առաջնության որակավորման փուլում Նորվեգիան և Չեռնոգորիան ընդգրկված էին նույն խմբում, և երկու խաղում էլ հաղթեցին նորվեգացիները (1-0, 2-0)։
Դիմակայության պատմությունը
Հայաստանի և Նորվեգիայի հավաքականները մինչ օրս միմյանց հանդիպել են երկու անգամ։ Աշխարհի 2002թ․ առաջնության որակավորման փուլում երկու ընտրանիներն ընդգրկված էին նույն խմբում։ Առաջին հանդիպումը կայացավ մրցակցի հարկի տակ և ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի, իսկ Երևանում կայացած խաղում Նորվեգիան հաղթեց 4-1 հաշվով։ Այդ խաղում բոլոր հինգ գոլերը խփվել էին երկրորդ խաղակեսում։ Մեր ընտրանու կազմում գոլի հեղինակ էր դարձել Արման Քարամյանը։
Նորվեգիա․ Կազմը և դավանած ֆուտբոլը
54-ամյա Ստոլե Սոլբակենը Նորվեգիայի ազգային հավաքականը գլխավորում է 2020թ․ դեկտեմբերից։ Վերջինս նախընտրում է խաղալ չորս պաշտպանով։ Ամենահաճախը հանդիպում է 4-4-2 սխեման, սակայն կարելի է հանդիպել նաև 4-2-3-1, 4-1-4-1 և 4-3-3 դասավորությունները։ Նորվեգիան նախորդ հանդիպումը սկսել է հենց 4-3-3 սխեմայով (Մարտի 25-ին տեղի ունեցած Սլովակիայի դեմ ստուգողական խաղում սկանդինավները հաղթեցին 2-0 հաշվով)։
Վերջին վեց խաղում Նորվեգիայի դարպասը պաշտպանել է անգլիական «Ռեդինգի» դարպասապահ Օրյան Նյուլանդը։ Հիմնական կենտրոնական պաշտպաններն են իտալական «Սալերնիտանայի» ներկայացուցիչ Ստեֆան Ստրանդբերգը և բելգիական «Գենտը» ներկայացնող Անդրեաս Հանչե-Օլսենը։ Սլովակների դեմ վերջին խաղում զույգ էին կազմել Հանչե-Օլսենը և «Ջենոայի» ներկայացուցիչ Լեո Օստիգորը, որը նորամուտը նշեց իր երկրի ազգային հավաքականում և, ինչպես մեր հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը, առաջին խաղում կարմիր քարտ ստացավ։
Սոլբակենի ամենաանփոխարինելի խաղացողներից մեկն է համարվում ձախ պաշտպան Բիրգեր Մելինգը։ Ֆրանսիական «Ռեննի» ֆուտբոլիստը մասնակցել էր ազգային թիմի վերջին 12 հանդիպումներին, սակայն սլովակների դեմ խաղում ձախ եզրը փակեց «Հերտան» ներկայացնող Ֆրեդերիկ Անդրե Բյորկանը։ Աջ եզրային պաշտպանի դիրքում անընդմեջ ութ խաղում հանդես է եկել հոլանդական «Ֆեյենորդի» 21-ամյա տաղանդ Մարկուս Պեդերսենը։
Հենակետային կիսապաշտպանի դիրքում հիմնական թեկնածուն «Նորվիչի» ներկայացուցիչ Մաթիաս Նորմանն է։ Վերջինիս կողքին հիմնականում խաղում են «Սամպդորիայի» ֆուտբոլիստ Մորտեն Տորսբին և «Լանսը» ներկայացնող Պատրիկ Բերգը։ Այս դիրքում կարող են խաղալ ևս երկու բավականին ունիվերսալ ֆուտբոլիստներ՝ Մարտին Էդեգորը և Քրիստիան Տորստվեդտը։ Էդեգորը խաղում է հիմնականում ենթահարձակվողի և աջ հարձակվողի դիրքում, բայց կարող է աշխատել նաև դաշտի կենտրոնում։ Ինչ վերաբերվում է Տորսվեդտին, վերջինս Սոլբակենի գլխավորությամբ հանդես է եկել ինչպես հենակետայինի, այնպես էլ ենթահարձակվողի և կենտրոնական հարձակվողի դիրքերում։
Հարձակման ձախ եզրում գլխավոր «զենքը» «Սաութհեմփթոնի» եզրային վինգեր Մոհամեդ Էլյոնուսին է, որը շատ կարևոր «ֆիգուր» է սկանդինավների հարձակման գծում։ Դե իսկ հարձակման կրակագծի գլխավոր գործող անձի մասին խոսելն ավելորդ է։ Ընդգծված «ինը» համարը Դորտմունդի «Բորուսիայի» ներկայացուցիչ Էրլինգ Հոլանդն է։
Բայց մենք հիշում ենք, որ Սոլբակենը հիմնականում խաղում է երկու հարձակվողով, այդ դեպքում երկրորդը «Ռեալ Սոսյեդադի» ներկայացուցիչ Ալեքսանդր Սյորլոտն է։ 26-ամյա ֆուտբոլիստը, որի տրանսֆերային իրավունքը պատկանում է գերմանական «Լայպցիգին», վարձավճարով է խաղում Լա Լիգայում։ Սյորլոտն իսպանական ակումբում անցկացրած 24 խաղում ընդամենը մեկ գոլ է խփել, բայց խնդրում եմ՝ չխաբվեք այս վիճակագրությանը, քանի որ վերջինս ևս շատ լավ գոլային հոտառություն ունի և հասցրել է ազգային հավաքականում 12 գոլ խփել։
Ակնկալիքները հանդիպումից
Հայաստանի հավաքականը Չեռնոգորիայի դեմ խաղում աչքի ընկավ երեք կարևոր հատկանիշներով։ Մերոնք շատ լավ պրեսինգ կիրառեցին գրեթե ամբողջ հանդիպման ընթացքում, աչքի ընկան խաղային բարձր կարգապահությամբ և շատ լավ խաղ ցուցադրեցին նաև երկրորդ հարկում։ Նորվեգիայի դեմ հանդիպումը հիանալի առիթ է՝ հասկանալու համար, թե այս հատկանիշներից քանիսում ենք կարողանալու ապացուցել, որ իսկապես լուրջ առաջընթաց ենք գրանցել։
Առաջիկա խաղը կայանալու է մրցակցի հարկի տակ և շատ ավելի զորեղ մրցակցի դեմ։ Այս ամենը հաշվի առնելով՝ ակնկալվում է, որ նախորդ խաղում կիրառած մեկնարկային ճնշումը Նորվեգիայի դեմ խաղում չի լինի։ Հավանաբար խաղալու ենք հակագրոհների մարտավարությամբ։ Հենց սկանդինավների ընտրությունը՝ որպես մրցակից, հնարավորություն կտա՝ հասկանալու, թե երկրորդ հարկում հիանալի խաղացող թիմերի դեմ ինչպես ենք կարողանում պայքարել։ Եվ, իհարկե խաղային կարգապահության մակարդակը ևս այս խաղում ավելի շատ կարտացոլի իրական պատկերը։
Մեր հավաքականի կազմում կարելի է սպասել որոշ փոփոխությունների։ Հավաքականին է միացել աջ պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, որի կորոնավիրուսի թեստը դրական պատասխան էր տվել, և Հովհաննեսը միայն այս խաղի նախապատրաստության ժամանակ կարողացավ միանալ թիմին։
Կարող ենք ենթադրել, որ Համբարձումյանը հանդիպումը կսկսի պաշտպանության աջ եզրից, իսկ նախորդ խաղում այդ դիրքում խաղացած Կամո Հովհաննիսյանը կտեղափոխվի պաշտպանության ձախ եզր։ Իհարկե, պետք չէ մոռանալ նաև Արման Հովհաննիսյանի և Ժիրայր Մարգարյանի մասին, պարզապես Կամոյի տարբերակն ավելի նպատակահարմար կարող է լինել այն տեսանկյունից, եթե խաղանք հակագրոհների մարտավարությամբ։
Հաջորդ կարևոր փոփոխությունը, որը կարելի է ակնկալել, անցումն է երկու հենակետայինով խաղին։ Նախորդ խաղում ընդգծված միակ հենակետայինը Սոլոմոն Իմե Ուդոն էր, որի կողքին հանդես էր գալիս ավելի հարձակողական Էդուարդ Սպերցյանը։ Նորվեգիայի դեմ շատ ավելի դժվար է լինելու հատկապես խաղադաշտի կենտրոնում, որտեղից մեծ ճնշում է լինելու մեր պաշտպանության վրա։ Ուդոյի կողքին կարող ենք տեսնել Արտակ Գրիգորյանին, որը ևս հիանալի է կատարում «քանդողի» պարտականությունները։ Առհասարակ, առաջիկա խաղում շատ բան է կախված լինելու մեր հենակետայինների ցուցադրած խաղից։
Նորվեգիայի հավաքականը Սոլբակենի գլխավորությամբ ընդամենը երեք պարտություն ունի, որոնցից երկուսում Հոլանդը չի կարողացել դառնալ գոլի հեղինակ, իսկ երրորդին չի մասնակցել։ Թուրքիայի և Հունաստանի դեմ խաղերում սկանդինավների թիվ մեկ «աստղը» գրեթե զրկված էր գնդակ ստանալու հնարավորությունից, որն էլ գլխավոր պատճառը հանդիսացավ Նորվեգիայի երկու պարտության։
Այս տեսանկյունից շատ ավելի ուշադիր պետք է լինել թիմի ավագ Մարտին Էդեգորի նկատմամբ։ Հենց նա է լինելու Հոլանդին հիմնական փոխանցումներ մատակարարողը։ Եթե կարողանանք չեզոքացնել «Արսենալի» կիսապաշտպանին, Հոլանդը այնքան մեծ «գլխացավանք» չի լինի, որքան պատկերացնում ենք։ Այս դեպքում էլ առաջին պլան կարող է դուրս գալ Էլյոնուսին, որի մասին վերևում գրել էի։
Առհասարակ, մի հետաքրքիր, միևնույն ժամանակ մեզ համար ոչ հաճելի իրողություն եմ նկատել։ Երբ ազգային հավաքականի խաղերից առաջ քննարկում ենք առաջիկա մրցակցի այս կամ այն խաղացողին, որից ամենամեծ վտանգը կարելի է սպասել, գերակշիռ խաղերի ժամանակ հենց այդ խաղացողներն էլ վճռում են խաղի ելքը։ Սա նշանակում է, որ մենք կարողանում ենք կանխատեսել հանդիպակաց վտանգը, սակայն, իմանալով հանդերձ, չենք կարողանում համապատասխան կանխարգելիչ աշխատանքներ կատարել։
Ինչևէ, կարող ենք մեկ բանում համոզված լինել․ Առաջիկա հանդիպումն իսկապես շատ կարևոր է լինելու և բազում հարցերի պատասխան է տալու։ Իսկ մենք հենց այդպիսի հանդիպումների կարիք ունենք, որպեսզի հավուր պատշաճի ներկայանանք Ազգերի լիգայի գավաթի խաղարկությանը։