Ի՞նչ գործիքով է իշխանության հասնելու Սրբազանը
«Այս պահին կուսակցություն հիմնելու ծրագիր չկա ու չեմ էլ կարծում առաջիկայում կլինի, քանի որ այս պայքարն ընդդիմադիր շարժում չէ, ոչ էլ ընդդիմադիրների։ Այս պայքարը հանուն Հայաստանի, արժեքների ու քաղաքակրթական փոփոխությունների պայքար է», «Պայքարը մինչև 2026 թվականի ընտրություններ չի ձգվի։ Ոչ ոք ձգձգելու, երկարացնելու տրամադրություն չունի։ Մենք էլ ենք պատրաստության մեջ, թշնամին էլ։ Թշնամի ասելով նկատի ունեմ Հայաստանի իշխանություններին, որովհետև նրանք մեր ընդհանուր թշնամու ներկայացուցիչներն են»:
Այս նախադասությունները երեկ Սուրբ Աննա եկեղեցու բակում հնչեցրել է Բագրատ Սրբազանը, ով նաև բավականին հանգամանալից խոսել է տարբեր ոլորտներում իր ծրագրային մոտեցումների մասին:
Բագրատ Սրբազանի վերը բերված մտքերը հուշում են, որ նա ներքաղաքական հանգուցալուծումները պատկերացնում է արտահերթ զարգացումների համատեքստում՝ փողոցի գործոնի օգնությամբ:
Եթե այդ ճանապարհով շարժումը հաջողում է, խնդիրներ չեն առաջանում. նոր իշխանությունը կձևավորվի Սրբազանի, նրա շարժման առանցքի շուրջ:
Այնուամենայնիվ, բաց է մնում հարցը, թե ի՞նչ գործիքով է Սրբազանը մասնակցելու գործընթացին, եթե բանը հասնի արտահերթ կամ առավել ևս՝ հերթական ընտրություններին:
Եթե Սրբազանը կուսակցություն ստեղծելու մտադրություն չունի, ապա ո՞րն է նրա լուծումը՝ գործող կուսակցություններից մեկին անդամագրվե՞լը, իր շուրջ կուսակցությունների դաշինք ստեղծե՞լը, թե՞ նա ընտրություններին մասնակցելը չի համարում իր առաքելության մաս:
Վահրամ Բագրատյան