Իշխանության «սրտի» օլիգարխները տիրում են պետական գնումներին, Թիմակիցներից ո՞ւմ կզոհաբերի Փաշինյանը․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Նորելուկ օլիգարխ Նարեկ Նալբանդյանից բացի, նաեւ Դավիթ Երեմյանին պատկանող բոլոր բիզնեսներն են դարձել արտոնյալ՝ ստանալով պետական ամենամեծ աջակցությունները։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ բացի միջոցառումների համար պետական կառույցներին սնունդ մատուցելու ծառայությունից, Երեմյաններն իրենց ախորժակը մեծացրել են նաեւ Ամուլսարի, Թեղուտի եւ Սոթքի հանքերում սննդի ապահովման գործընթացի մասով։
Բանն այն է, որ հանքերի աշխատանքների վերսկսման հետ մեկտեղ պայմանագրեր են կնքվել հանքերի աշխատակիցների սնունդը «Երեմյան Փրոջեքթսի» կողմից ապահովելու համար։
Տեղեկության երկրորդ կողմին լսելու համար «Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմեց «Երեմյան Փրոջեքթս» ընկերության տնօրեն Դավիթ Երեմյանին՝ խնդրելով ասել, որ եթե տեղեկատվությունը ճիշտ է, ապա որ հանքերում է ընկերությունը սննդի ծառայություններ մատուցում։
Խնդրել էինք պատասխանել նաեւ, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ հանքերում սննդի սպասարկման համար պայմանագրեր կնքվում են միայն «Երեմյան Փրոջեքթսի» հետ՝ առանց մրցակցության. արդյոք դա պայմանավորված է իշխանության հետ որոշակի համաձայնություններով։
Մեր հարցմանն ի պատասխան՝ ընկերությունը հղումներ է արել մի քանի օրենքների, որոնք չեն ենթադրում տեղեկատվության ազատության կամ գաղտնիության սահմանափակում։ Նույնիսկ կարծիք ենթադրող մեր 2-րդ հարցն անգամ պատասխանի չի արժանացել։
Հավելենք, որ «Երեմյան Փրոջեքթսն» ապրում է իր գոյության բաղձալի ժամանակները, երբ, օրինակ, բիզնեսների առաջխաղացման համար միջազգային ֆինանսավորումները պատահաբար կամ դիտմամբ հենց Երեմյաններին են բաժին ընկնում։
Շատ հեռու չգնանք՝ հետհեղափոխական Հայաստանում «Երեմյան Փրոջեքթսը» 2018 թվականին կրկին Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կողմից ֆինանսավորվեց 25 մլն դոլարով՝ Տաշիր համայնքում անասնաբուծական նոր համալիր կառուցելու համար։ Դե իսկ մարզահամերգային համալիրի դեմիրճյանական ճարտարապետությունն աղճատողը էլի Երեմյանն է, որը դրսից տեսանելի վերելակ է դրել համալիրի պատին եւ «Լիվինգսթոն» թանկարժեք հյուրանոցն է բացել: Մի արարք, որն անթույլատրելի կլիներ բոլոր ժամանակներում:»
«Հրապարակը» գրում է․
Հեղափոխական իշխանությունների արագ տեմպերով հարստանալու հանգամանքն արժանացել է Արեւմուտքի ուշադրությանը։ Որոշ տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանին արեւմտյան հովանավորները հասկացրել են, որ ժամանակն է նաեւ թիմակիցների հարստացման օրինականության հարցը քննության առնել։ Մինչ իշխանությունների պատվերով ապօրինի գույքի վերաբերյալ տասնյակ գործեր են կարում նախկին եւ ընդդիմադիր գործիչների դեմ, պարզվում է՝ արեւմտյան կառույցները բավականին լուրջ ուսումնասիրություններ են կատարել նաեւ գործող պաշտոնյաների ունեցվածքի, դրամական միջոցների, արտերկրում գնվող նրանց տների եւ բանկերում դրվող գումարների վերաբերյալ ու դոսյեներ ունեն տարբեր պաշտոնյաների կոռուպցիոն գործարքների մասին, որոնց որոշ մասն անցած տարիներին պարբերաբար հայտնվել են մամուլի ուշադրության կենտրոնում, բայց ՀՀ իրավապահների քննության առարկան չեն դարձել։
Ուստի չի բացառվում, որ Փաշինյանը սկսի իր թիմից ոմանց զոհաբերել, որպեսզի ապացուցի, որ կոռուպցիայի դեմ պայքարը նախկին-ներկա չի ճանաչում։ Իսկ թիմակիցներին էլ բացատրի, որ սա Արեւմուտքի պահանջն է եղել։
«Հրապարակը» գրում է․
Մինչ տարածաշրջանում ակտիվ քննարկումներ են հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ, մասնավորապես, Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհի հարցն է քննարկվում, Նիկոլ Փաշինյանն ակտիվ ներկուսակցական աշխատանքների է լծվել եւ պատրաստվում է հաջորդ ընտրություններին՝ 2026-ին վերարտադրվելուն։
ՔՊ-ում նոր ձեւաչափ է ստեղծվել՝ մարզերի եւ մայրաքաղաքի տարածքային խորհուրդների կորիզ՝ պատգամավորներից, մարզպետներից, այլ կարկառուն ՔՊ-ականներից, որոնք ամիսը մեկ անգամ պարտադիր պետք է հավաքվեն եւ քննարկեն ինչպես լոկալ՝ տվյալ մարզում առկա կուսակցական խնդիրները, այնպես էլ՝ բնակիչներին հուզող հարցերը եւ համատեղ աշխատանքի արդյունքում փորձեն հասնել դրանց լուծմանը։ Այս ֆորմատը, ըստ ՔՊ-ականների, հնարավորություն կտա մերձեցման, ավելի սերտ համագործակցության։ Բանն այն է, որ մարզերում ներկուսակցական թշնամանքի մթնոլորտ է տիրում, իշխանականներից շատերն անգամ իրար չեն բարեւում, մինչդեռ այս ֆորմատի շրջանակներում ստիպված են լինելու ոչ միայն շփվել, այլեւ սերտորեն աշխատել միմյանց հետ։