Պուտինը գալիս է Երևան, բայց ոչ Հայաստան

Նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները կգան Հայաստան՝ մասնակցելու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։
Մեր երկիր է այցելելու նաև ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության ղեկավարը՝ Վլադիմիր Պուտինը։ Հատկանշական է, որ սա Պուտինի հերթական այցն է մեր երկիր, որը կապված չէ երկու պետությունների հարաբերությունների հետ․ ՌԴ նախագահը մեր երկիր պետական այցով չի գալիս, պարզապես այս անգամ ՀԱՊԿ նիստն է այստեղ կայանում։
Տեղեկացնենք, որ Ռուսաստանի նախագահ Պուտինն առաջին անգամ պաշտոնական այցով Հայաստան է եկել 2001 թվականի սեպտեմբերին: Սակայն մինչ այդ էլ նա արդեն Հայաստան ժամանել էր՝ վարչապետի պաշտոնում. նա 1999 թվականի հոկտեմբերի 30-ին Երեւանում հարգանքի տուրք մատուցեց ահաբեկչության զոհերի հիշատակին: Ի դեպ, նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք Պուտինը բավականին հաճախ է ժամանել Հայաստան, այդ թվում և 2015 թվականին Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակում:
Իրավիճակը փոխվեց 2018-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո. Հայաստանը շարունակում է Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը մնալ, երկու երկրների իշխանությունները հայտարարում են քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակի մասին, Փաշինյանը հաճախ է հանդիպում Պուտինի հետ՝ ոչ Հայաստանում և հեռախոսազրույցներ ունենում նրա հետ, սակայն Պուտինը Հայաստան չի գալիս: Արդեն որերորդ տարին է Պուտինի պատշոնական այցը մեր երկիր անընդհատ հետաձգվում է։ Ճիշտ է, նա Երևանում եղել է պատերազմից մեկ տարի առաջ, բայց այն ժամանակ էլ ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում, որին մասնակցեց նաև Իրանի նախկին նախագահ Ռոհանին՝ որպես դիտորդ:
Այնուամենայնիվ, ըստ մեր աղբյուրների, նիստի շրջանակում Պուտին-Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի։ Նիստից և Փաշինյանի հետ երկկողմ հանդիպումից հետո ՌԴ նախագահը կլքի մեր երկիրը։
Ի դեպ, դեռ մայիսին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, հերթական անգամ փորձելով պատասխանել հարցին, թե ե՞րբ է վերջապես Պուտինը պետական այցով ժամանելու Հայաստան հայտարարել էր, թե այցը տեղի կունենա 2022 թվականի հոկտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում: Սա, ըստ էության, հերթական իշխանական մանիպուլյացիան էր, քանի որ մայիսին, բնականաբար, իշխանության ներկայացուցիչը տեղյակ էր պրոտոկոլային այս նիստի անցկացման մասին:
Նարե Գնունի