Փաշինյանի համար ՀԱՊԿ-ն արդեն արդյունավետ կառույց է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «ՀԱՊԿ ստեղծման 30-ամյակը լավ հնարավորություն է վերլուծելու ձեռքբերումները, բացթողումները, այն քայլերը, որոնք կարող են կազմակերպությունն ավելի արդյունավետ դարձնել»:
Փաշինյանն իր ողջ քաղաքական կարիերայի ընթացքում ընդդիմադիր գործունեության կամ այդ գործունեության իմիտացիայի տարիներին քննադատում էր ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին և կոչեր էր հնչեցնում դուրս գալ այդ կազմակերպություններից:
ՀԱՊԿ-ն, իհարկե, իդեալական կազմակերպություն չէ, սակայն ՀՀ-ն, գտնվելով այդ կազմակերպության մեջ, հնարավորություն էր ստանում գնելու էժան և որակյալ զենք՝ հայոց բանակի համար՝ այդպես էր Փաշինյանի կողմից քննադատվող «նախկինների» օրոք: Բացի այդ, ՀԱՊԿ-ում «առաջին ջութակը»՝ ՌԴ-ն է և ՀՀ-ն գտնվելով ՀԱՊԿ-ի կազմում ամրապնդում է հենց հայ-ռուսական դաշնակցային կապերն ու խորացնում ինտեգրացիոն գործընթացները ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և Մոսկվայի կողմից առաջ մղվող այլ գեոպոլիտիկ նախագծերում:
Իշխանության գալուց հետո Փաշինյանը սկսել է շատ հաճախ մեկնել Մոսկվա՝ հանդիպել ՌԴ-ի ռազմա-քաղաքական ղեկավարության հետ, իսկ այսօր Երևանում խոսում է ՀԱՊԿ-ն ավելի արդյունավետ դարձնելու մասին: Այսինքն, Փաշինյանն ու թիմը, ովքեր ընդդիմադիր դիրքերից տարիներ շարունակ քննադատել են գործող իշխանություններին ՌԴ-ի հետ սերտ կապեր հաստատելու համար` բախվելով real politik-ին, հասկացան, որ ՌԴ-ն է Հայաստանի ու այսօր նաև Արցախի անվտանգության գլխավոր երաշխավորներից մեկը:
ՔՊ-ականները պետք է հստակեցնեն ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները. ՌԴ-Արևմուտք «սառը պատերազմի» պայմաններում Երևանին ոչ ոք թույլ չի տա խուսանավել՝ խորացնելու կապերը և Արևմուտքի, և ՌԴ-ի հետ: Այդ խուսանավումները, մանր «շուստրիությունը» կարող է շատ թանկ նստել Հայաստանի ու Արցախի վրա՝ թուրք-ադրբեջանական տանդեմը փորձելու է ճեղքեր գտնել և խորացնել 2018թ.-ից հետո առաջացած ճաքերը հայ-ռուսական հարաբերություններում:
ՀՀ գործող իշխանություններն իրենց դիրքերում մնալու համար չպետք է գնան զիջումների հայոց պետականության և սուվերենության հաշվին:
Վահրամ Բագրատյան