Մոսկվան դեմ չէ արտատարածաշրջանային խաղացողների ներգրավմանը Հարավային Կովկասի գործընթացներին

Մոսկվան դեմ չէ արտատարածաշրջանային խաղացողների ներգրավմանը Հարավային Կովկասի գործընթացներին

Մոսկվան դեմ չէ արտատարածաշրջանային խաղացողների ներգրավմանը, եթե նրանք գործում են առկա եռակողմ հայտարարությունների շրջանակում և նպաստում դրանց իրականացմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իվան Նեչաևը։

«Տարածաշրջանային ուղղությամբ մեր աշխատանքում առաջ ենք քաշում բացառապես կառուցողական օրակարգ, չենք պատրաստվում մրցակցել որևէ մեկի հետ: Ունենք կառուցողական նպատակներ»,- նշել է նա:

Անդրադառնալով Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը, Նեչաևը հավելեց, որ իրենք բազմիցս նշել են, որ համապատասխան ջանքերը պետք է գործադրվեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և  նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների հիման վրա։

«Մենք դեմ չենք արտատարածաշրջանային խաղացողների ներգրավմանը, եթե նրանք գործում են վերը նշված համաձայնագրերին համապատասխան և նպաստում դրանց իրականացմանը: Կարևոր է թույլ չտալ «թաքնված խաղեր»՝ ինչ-որ մեկին թուլացնելու կամ գործին խոչընդոտելու համար, թեև, ցավոք, բազմիցս հանդիպել ենք նշված դերակատարների կողմից նման գործելաոճի»,- շեշտեց Իվան Նեչաևը։