Փաշինյանը ՀՀ պետականության հիմքերի ոչնչացման հարցն է լուծում

Եթե չեմ սխալվում, իսկ ես չեմ սխալվում, Փաշինյանի հարցազրույցը բացահայտ ռուսաֆոբ հռետորաբանությամբ հենց այնպես եթեր հեռարձակվեց հենց այս պահին։ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնությանը փաստացի մեղադրեց հայոց պետականության լուծարման համար պայմաններ ստեղծելու մեջ, Պուտինին՝ Արցախը հանձնելու համար, իսկ ՌԴ ԱԳՆ-ին հանցավոր անփութությանը սահմանակից ոչ կոմպետենտության մեջ: Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցը:
Նրա խոսքով, ըստ ամենայնի, Փաշինյանը հույս ունի Մոսկվայից սուր արձագանք ստանալ իր մեղադրանքներին և դա դարձնել Սանկտ Պետերբուրգ չմեկնելու պատճառ: «Փաշինյան-Մոսկվա մուկն ու կատու հարաբերությունները շարունակվում են»,- նշեց քաղաքագետը։
Մաթևոսյանն առանձնացրեց հիմնական թեզերը, որոնք Փաշինյանն առաջ էր քաշում իր պատասխանների մեջ։ Այսպես, Փաշինյանը, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ մենք չենք գնում ռուսական հարթակներում բանակցությունները շարունակելու, ասել է. «Մենք այնպես չէ, որ չենք գնում ռուսական հարթակներում բանակցությունները շարունակելու, բայց 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պիտի ընթերցվի, պիտի ընթերցվի՞, թե՞ չպիտի ընթերցվի»:
Մաթևոսյանը հարցադրումներ ունի. «Իսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ինչ-որ բան գրվե՞լ է, որ Փաշինյանը պատերազմից 2 տարի անց անձնական որոշմամբ Պրահայում պետք է Արցախը ճանաչեր Ադրբեջանի կազմում։ Իսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ գրվա՞ծ էր, որ Փաշինյանը պետք է միայնակ թողներ Արցախը 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի դեմ՝ նախապես Էրդողանի հետ հեռախոսազրույց ունենալով»:
Բացի այս, շարունակեց նա, Փաշինյանը սեպտեմբերին ադրբեջանցիների կողմից սպանված ռուս զինվորների ընտանիքներին թող պատմի «ապաստաններում թաքնված խաղաղապահների» մասին։ Մաթևոսյանը հիշեցրեց, որ Փաշինյանը 2023-ը սկսեց հայտարարությամբ, որ 102-րդ ռազմաբազան սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը, իսկ տարին ավարտեց խաղաղապահներին ուղղված մեղադրանքներով՝ նրանց իրականում անվանելով վախկոտներ և Արցախում էթնիկ զտումների մեղսակիցներ։
«Փաշինյանի Սանկտ Պետերբուրգ մեկնելու կամ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին չէ այստեղ խոսքը և ոչ էլ խաղաղության պայմանագրի, խնդիրն ավելի ծավալուն է։ Մեր պետականության հիմքերն է այս մարդը փոխում, իսկ փոխելը հանգեցնելու է նրան, որ պետություն չի լինելու։ Ես վստահեցնում եմ, որ եթե ինքը ամեն ինչ հանգեցնի Հայաստանի լուծարման, ինքը ինչ-որ հարթակից մի տեքստ կկարդա ու կասի, որ Հայաստանի լուծարումը այլընտրանք չուներ»,- շեշտեց քաղաքագետը։
Ապա հավելեց. «Խաղաղություն գոռացողները հասկանո՞ւմ են, չէ՞, որ նոր պատերազմ է լինելու պայմանագիրը ստորագրելուց հետո, նույն Շառլ Միշելն անգամ ասում է, որ առանց երաշխավորի է լինելու խաղաղության պայմանագիրը, այսինքն՝ մեզ նոր պատերազմ է սպասվում, իսկ հետևանքների մասին ես ուղղակի կլռեմ։ Իմ խորին համոզմամբ, ինքը հիմա մեր պետականության հիմքերի ոչնչացման հարցն է լուծում։ Երբ տեղի է ունենում հանցագործություն ու պետք է հանցագործին պատժել, անպայման պետք է լինի հայցվոր, ով դատարան կդիմի և ստացվում է՝ եթե չկա հայցվոր, չկա ՀՀ ու չկա այն մարմինը, ով պատրաստվում է իրեն պատասխանատվության ենթարկել»։
Մեր զրուցակիցը եզրափակեց իր խոսքն այսպես․ «Առհասարակ ամենախաղաղ ու լուռ վայրը ո՞րն է. այո՛, գերեզմանատունը: Փաշինյանն այս երկիրը վերածում է մի մեծ գերեզմանատան, որտեղ խաղաղություն կլինի»:
Մարիա Զարգարյան