«Սարմենը, Դավիթը, Երվանդը, Մասիսը, Արմենը, Նիկոլայը․․․». մայրը վերջին անունը տալիս չի դիմանում, արտասվում է

Ադամյանների ընտանիքը իննսունական թվականներին են տեղափոխվել և բնակություն հաստատել Շահումյանի շրջանի Ակնաբերդ գյուղում։ Ռիտա Ադամյանը MediaHub-ին պատմեց, որ պատահական չէր ընտրվել իրենց նոր բնակության հասցեն։ Իրենք կորսված Շահումյանի Գետաշեն գյուղից են, իսկ Ակնաբերդն այդ տարիներին հիմնականում վերաբնակեցվում էր շահումյանցիներով։
Աշոտն ու Ռիտան իրենց առաջնեկի՝ 1.9 տարեկան որդու հետ եկել ու հաստատվել են հեքիաթային այս գյուղում։ Այստեղ էլ որոշել են շատ երեխաներ ունենալ։ Սարմենից հետո ևս 7 երեխա են ունեցել։
«Դժվար տարիներ էին Արցախի համար, բայց հաղթահարել ենք։ Երեխաներիս մեծանալու հետ հոգսերը կամաց-կամաց սկսել են նահանջել, որովհետև տղաներս օգնում էին ամեն հարցում։ Մեզ համար շատ դժվար էր, մանավանդ, որ 8 երեխաներից 7-ը տղա են, բայց դա մի ուրիշ հպարտություն էր»,- ասաց տիկին Ռիտան։
Վերջին տարիներին Ռիտան կարոտում էր երբեմնի՝ մանկան ճիչով լցված տունը։ Ասում է՝ «տղաները մեծացել ու զինվորական էին դարձել, ամսվա մեծ մասը դիրքերում էին»։ Ադամյանների տանը միայն կրտսեր որդին՝ Արարատը և տղաներից հետո լույս աշխարհ եկած Նաիրան են անչափահաս, մյուսները՝ զինվորականներ էին։
«Սարմենը, Դավիթը, Երվանդը, Մասիսը, Արմենը, Նիկոլայը․․․»,-վերջին անունը տալիս չի դիմանում, արտասվում է։
Նիկոլայն անմահացավ հայրենիքը պաշտպանելիս. «Մեկը մեկից շնորքով ու լավ տղաներ են, բայց Կոլիկիս սիրտն ուրիշ էր։ Մի քանի օր առաջ իր մարտական ընկերներն են եկել մեր տուն, հաճախ են գալիս։ Իրենք էլ էին նույնն ասում։ Բավական էր նրա հետ ծանոթությունը, կարճ ժամանակում դառնում էր բոլորի սիրելին»,-ասաց մայրը։
Սեպտեմբերի 1-ին Նիկոլայ Ադամյանն իջել է դիրքերից, նրա հետ նաև մյուս եղբայրները։ Մի քանի օր անց՝ իրադրությամբ պայմանավորված, նորից բարձրանում են առաջնագիծ։ Նիկոլայը Հաթերքի դիրքերում էր։
«Ամեն կրակից վայ էի անում, մի սարսափելի վիճակ էր մոտս։ Չգիտեի որ մեկի մասին մտածել։ Անընդհատ աղոթում էի։ Դուք հասկանո՞ւմ եք այն մոր վիճակը, որի 6 տղերքը պոստում են ու պատերազմ է»։ Զինադադարից կես ժամ առաջ Հաթերքի դիրքերում գլխի շրջանում ծանր վիրավորում է ստանում և Նիկոլայ Ադամյանը։ Շտապ օգնության մեքենայով նրան տեղափոխում են Մարտակերտ, այնտեղից Կարմիր խաչի մեքենայով՝ Ստեփանակերտ։ Ութ օր անց՝ սեպտեմբերի 27-ին, այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է, իսկ նրա եղբայրը՝ Արմենը, Եղնիկներում վիրավորում է ստացել ոտքից։
«Աստված Արմենիս պահել է, երանի բոլորին պահեր, ոչ մի մայր չսգար։ Կոլիկիս տունը հիմա Եռաբլուրն է»,- ասաց տիկին Ռիտան։
Մայրը տեղյակ էր, որ 26-ամյա զինվորական որդին սիրելի աղջիկ ուներ։ Նիկոլայը նրա մասին չէր խոսում, քանի դեռ լուրջ քայլ չէր արել։
«Ասում էի ամուսնացեք, երեխաներ ունեցեք, մեծանում եք, ասում էր՝ մամա, պատերազմն ավարտվի, Արցախի հարցը լուծվի դա էլ կանենք, հիմա ամուսնանալու ժամանակ չկա»։
Նիկոլայը ժամկետային ծառայող էր 2016-ի ապրիլյան մարտերի ժամանակ։ Դրանից հետո մասնակցել է 44-օրյա պատերազմին.
«2023-ին տունս քանդվեց, պատերազմը տարավ որդուս։ Երևի Աստված խնայեց նրան, որ ականատես չլինի իր դավաճանված Արցախի կորստին»,-հավելեց Ակնաբերդից տեղահանված ու Գեղարքունիքի Շատջրեք բնակավայրում ապաստանած հերոսի մայրը։
Հունան Թադևոսյան