Ոստիկանությունը հատում է «կարմիր գծեր»

Ոստիկանությունը հատում է «կարմիր գծեր»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ Հայաստանի ոստիկանության պետ Վահե Ղազարյանն է, որի ենթակաները երեկվանից ակնհայտ բռնություն են կիրառել Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարների դեմ։

Ոստիկանական «բեսպրեդելի» օրինակներ

Արձանագրենք ոստիկանական «բեսպրեդելի» մի քանի օրինակներ։
Ոստիկանները բռնության գործադրմամբ բերման են ենթարկել Փաշինյանին զուգարանի թուղթ նվիրած ուսանողին։
Ըստ նախնական տեղեկությունների մոտոներով իրազեկման ակցիայի մասնակիցներից 3 մարդ ձերբակալված է։
Կոմիտասում անվադողերով ակցիայից հետո ոստիկանները շրջափակել են ՀՅԴ Արամ Մանուկյան կոմիտեն ու ով դուրս է եկել շենքից՝ բերման են ենթարկել։ Շենքի հարակից տարածքից անհամաչափ ուժի կիրառմամբ բաժանմունք են տարվել ՀՅԴ ՆԱՈՒՄ ատենապետ Տարոն Ղազարյանը և ՀՅԴ ՀԵՄ վարչության ներկայացուցիչ Սևակ Նազարյանը։ 
Երևանի տարբեր փողոցներից բերման է ենթարկվել ակցիայի 8 մասնակից։
Ոստիկանությունից հայտնել են, որ Գյուլբենկյան փողոցից բերման է ենթարկվել 4 քաղաքացի, Կորյունի փողոցից բերման է ենթարկվել 3 քաղաքացի, Հաղթանակի կամրջի վրայից՝ 1 քաղաքացի։ Վերջիններս բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182֊րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելու համար։
«Հենց նոր Ոստիկանության Արաբկիրի բաժանմունք «բերման ենթարկվեցին» անվադողերը: Այս անվադողերով ակցիայի համար խուլիգանության հոդվածով քրեական գործեր են հարուցվել: Աբսուրդի թատրոն Հայաստան»,- երեկ իր ՖԲ էջում տեղեկացրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։

Նույնիսկ «գրպանային» ՄԻՊ-ն է ահազանգում

Ոստիկանական «բեսպրեդելն» այնքան ցայտուն է, որ դրան արձագանքել է անգամ Նիկոլ Փաշինյանի «գրպանային» ՄԻՊ-ը։ «Առանձնազրույցների ընթացքում ազատությունից զրկված անձինք պնդել են, որ մինչ իրենց բերման ենթարկելը Ոստիկանության ծառայողների կողմից չի հնչեցվել որևէ պահանջ, իրենց չեն ներկայացրել ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները և բերման ենթարկելիս կիրառել են օրենքը խախտող անհամաչափ ֆիզիկական ուժ: Բացի դրանից, արձանագրվել է, որ ապրիլի 25-ին ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելու գործողություններն իրականացրել են նաև քաղաքացիական հագուստով Ոստիկանության ծառայողներ: Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են բերման ենթարկված անձանց հաշվառման մատյանը և արձանագրել լրացման կարգի խախտումներ»,- ասված է ՄԻՊ տարածած հայտարարության մեջ։