Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է․
Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը երեկ հայտարարություն էր տարածել, թե սուտ են այն լուրերը, որ 44-օրյա պատերազմի ընթացքում զբաղեցնելով ԱԽ քարտուղարի պաշտոնը՝ ինքը լքել է Արցախը։
Մեր աղբյուրներն ասում են, որ Բաբայանի մտահոգությունները պայմանավորված են վերջին օրերի ձերբակալություններով, մասնավորապես ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի դրվագներից մեկը հայտնի Լելե-Թեփեի ձախողված օպերացիայի մասին է, որի վերաբերյալ մամուլում տասնյակ հրապարակումներ կան առ այն, որ դա եղել է Սամվել Բաբայանի գաղափարը, նա է Փաշինյանին առաջարկել եւ հիմնավորել դրա անհրաժեշտությունը: Իսկ Փաշինյանը ոգեւորվել է, որ կկարողանա Սերժ Սարգսյանի կորցրած բարձունքը գրավել եւ սրա ֆոնին հերոսանալ:
Հիմա Բաբայանը մտահոգություններ ունի, որ իշխանությունների հաջորդ թիրախն ինքն է լինելու:
«Հրապարակ» թերթը գրում է․
Կիրակի օրը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանում հերթական էլիտար հարսանիքն է եղել` ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Ավշարի գինու գործարանի սեփականատեր Արայիկ Գրիգորյանն ամուսնացրել է դստերը։
Փեսացուն Համլետ Ավետիսյանի կամ հանրությանն առավել հայտնի Նեպտունի Համիկի որդին է: Վերջինս ԲՀԿ-ական է, Գագիկ Ծառուկյանի մերձավորներից, «Նեպտուն» սպորտային համալիրի սեփականատերն է, ունի այլ բիզնեսներ:
Հարսանիքի քավորն էլ Ծառուկյանի ավագ որդին է եղել։
«Հրապարակ» թերթը գրում է․
Սյունիքի անկուսակցական մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ Կալավանցի Ռոբերտը, երեկ աշխատանքից ազատել է մարզում հայտնի ՔՊ-ական, մարզպետի խորհրդական Գառնիկ Պետրոսյանին, ինչը բուռն քննարկումների տեղիք է տվել մարզում։ Սակայն կալավանցին ոչ այնքան մեծ հերոսություն է արել, որքան փորձել է գործել հանուն կուսակցության։
Բանն այն է, որ Պետրոսյանը նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի խորհրդականն է եղել:
«Հրապարակ» թերթը գրում է.
Սեպտեմբերի 18-ին «Քաղպայմանագիր» կուսակցության հերթական համագումարն է, եւ նոր վարչության ընտրություններին զուգահեռ, ՔՊ-ում թեժ կրքեր են հասունանում։ Մեզ ասացին, որ ՔՊ-ի նախընտրական առցանց հարթակն ակտիվ է օրվա 24 ժամը, վարչության անդամության հավակնորդներն իրենց ծրագրերով, պատկերացումներով են կիսվում: Ամենից ակտիվների 20-յակը գլխավորում է պատգամավոր Արսեն Թորոսյանը։
Որքան էլ տարակուսելի է, բայց չաթում ավելի պասիվ են նրանք, ովքեր վարչության նախագահ դառնալու հավակնություններ ունեն։ Հատկապես կատաղի պայքար են մղում նախկին փոխվարչապետ, Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն ու Սուրեն Պապիկյանը։
ՔՊ-ում կարծում են, որ, ինչպես միշտ, այս անգամ էլ Փաշինյանը կհրաժարվի վարչության նախագահի պաշտոնից:
«Փաստ» օրաթերթը գրում է.
Այսպես կոչված, «բեթինգի գովազդի» փաստացի արգելման մասին օրենքը, որ ուժի մեջ է մտնելու սեպտեմբերի 11-ից, լուրջ քննադատությունների տեղիք է տվել մասնագիտական շրջանակներում: Շատերի կարծիքով, օրենքը որևէ օգուտ չի տալու, փոխարենը մեծ վնասներ է հասցնելու սպորտին, լրատվամիջոցներին ու ՀՀ տնտեսությանը:
«Խնդիրն այն է, որ սահմանափակումները փաստացի վերաբերում են հայկական ընկերություններին: Սա նշանակում է, որ պարզապես գովազդի վերաբաշխում է լինելու, քանի որ հարթակների մեծամասնությունը, ուր այցելում են հայաստանցիները, հայկական չեն: Օրինակ՝ ռուսաստանյան օնլայն կինոթատրոններ են, և այնտեղ պարզապես արտասահմանյան խաղատների ու խաղադրույքներ կատարելու կայքերի գովազդ է: Այսինքն, մարդիկ այդ գովազդից, առնվազն ինտերնետով, մեծ հաշվով, չեն ազատվելու, ուղղակի գումարը կվերաբաշխվի, կգնա ուրիշ ընկերությունների, որոնք Հայաստանում չեն»:
Իշխանությունների կողմից պետք է վարվի այնպիսի բացահայտ կամ ոչ բացահայտ քաղաքականություն, ըստ որի՝ ռացիոնալ դաշտից հեռացող քաղաքացիները կբերվեն արդյունավետության դաշտ: Այսինքն, յուրաքանչյուր քաղաքացի կաշխատի իր պոտենցիալով, կստեղծի հավել յալ արժեք, հակառակ պարագայում մենք տրիվիալ, հասարակ սպառողներ ենք դառնում, իսկ երկիրը վերածվում է խաղատան»,-մեզ հետ զրույցում ասաց Բոստանջյանը:
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստ» թերթն անդրադարձել էր այն տեղեկությանը, որ օրեր առաջ ՌԴ-ից Երևան է ժամանել PR մասնագետների, բլոգերների ու քաղտեխնոլոգների բավական ներկայացուցչական կազմ՝ նշելով, որ նրանք պատրաստվում են լուրջ ներգրավվածություն ունենալ հայաստանյան տեղեկատվական տիրույթում։
Եվ ահա, մեր աղբյուրը փոխանցում է, որ անցած շաբաթվա ընթացքում տեղեկատվական ոլորտի ռուսաստանցի մասնագետները բավական ակտիվ գործունեություն են ծավալել. մասնավորաբար, մեզ փոխանցեցին, որ նրանք նոր լրատվական մեծ հոլդինգի նախապատրաստական աշխատանքներով են զբաղված, որի մեջ ներառվելու են մի քանի լրատվական կայքեր և տելեգրամյան ալիքներ։
«Փաստ» օրաթերթը գրում է.
Տնտեսագետները հաճախ են նշում, որ կառավարության համար արդեն «ավանդույթ» է դարձել կապիտալ ծախսերի թերակատարումը, իսկ որոշ դեպքերում՝ ընդհանրապես չկատարումը: Միայն այս տարվա առաջին կիսամյակում թերակատարումը կազմել է մոտ 41 տոկոս: Մեզ հետ զրույցում ոլորտի մի շարք մասնագետներ քանիցս նշել են, որ դա պարզապես խայտառակություն է, ինչպես խայտառակություն է պետական պարտքի անընդհատ մեծացումը:
Սակայն ոչ պակաս ուշագրավ է, որ նշյալ «հավելյալ» մուտքերի կեսից ավելին, փաստացի, առաջացել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի «հավելումից»: Այս կազմակերպության կողմից առաջին կիսամյակում պետական բյուջե է վճարվել 104,78 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ մոտ 78 մլրդ դրամով (մոտ 291 տոկոս) ավելի։ Ի դեպ, ավելորդ չէ նշել, որ ԶՊՄԿ-ն նախորդ տարվա առաջին կիսամյակում երկրորդն էր 1000 հարկատուների ցանկում՝ զիջելով «Գազպրոպ Արմենիա»-ին, իսկ 2022 թ. առաջին եռամսյակում արդեն գլխավորում է այդ ցուցակը: Կոմբինատում հարկային մուտքերի նման աննախադեպ աճը բացատրել են աշխատանքի արդյունավետության բարձրացմամբ։
Հաջորդը, որ տոկոսային առումով մեծ աճ է արձանագրել, «Գրանդ Տոբակո» ընկերությունն է՝ մոտ 55 տոկոս:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«2023թ.-ին նախատեսված Երևանի ավագանու ընտրությունները խոստանում են բավականին թեժ լինել: Հայտի է, որ ընտրություններից առաջ գրեթե բոլոր քաղաքական ուժերը, ուժային կառույցները սկսում են սոցիալական հարցումներ անցկացնել, որպեսզի առավել իրական պատկերացում ունենան տիրող տրամադրությունների մասին: Մեր տեղեկություններով` Հայաստանում նման գործունեություն ծավալող ընկերություններից մեկին իջեցված պատվերի արդյունքները գրեթե պատրաստ են, ու նշմարվում են այս պահի առաջատարները: Մեզ փոխանցեցին, որ հարցաթերթիկների վրա եղել է թեկնածուների դաշտ, որոնց քաղաքացիները կցանկանային տեսնել Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածու:
Չնայած արդյունքները դեռևս վերջնական ամփոփված չեն, բայց մեկ բան հստակ է. կարմիր գծի նման գնում է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի վարկանիշի հետևողական անկումը: Ըստ սոցիոլոգներից մեկի` հատկապես Ավան, Նուբարաշեն, Արաբկիր և Մալաթիա-Սեբաստիա համայնքներում այս պահի դրությամբ Մարությանը նույնիսկ եռյակում չկա, իսկ թե որոնք են պատճառները, դեռևս հայտնի չէ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ Հակոբ Սիմիդյանը՝ որպես նախարար, հասցրել է սերտաճել իր ղեկավարած ոլորտում հետաքրքրություն ունեցող գործարարների եւ սեփականատերերի հետ, ինչի մասին ուժային կառույցներն արդեն զեկուցել են Նիկոլ Փաշինյանին: Մասնավորապես, Փաշինյանը տեղյակ է, որ շատ հանքատերեր իրենց արտոնյալ են զգում Սիմիդյանի օրոք: Բացի այդ, Հակոբ Սիմիդյանը նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից իրականացվող շինարարությունների թեմաների մեջ է ակտիվ ներգրավված:
Մեզ հասած տեղեկություններով՝ նա է Հայաստանում փաստացի համակարգում ֆուտբոլի ուղղությունը՝ որպես կառավարության կողմից ոլորտ «գործուղված» համակարգող:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հայրը՝ Զարեհ Սարգսյանը, իրավապահներին բացատրություն է տվել Արաբկիրում տեղի ունեցած պայթյունի գործով: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նա իրավապահներին հայտնել է, որ չի կարող ասել՝ արդյոք կատարվածն իրենց հետ կապ ունի, թե ոչ: «Թող իրավապահները պարզեն»,- ասել է Զարեհ Սարգսյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Հայաստանում այս տարվա հունվար-հուլիսին ծնվածների թիվը բավականին պակասել է: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ մեր նորածինների թիվը, նախորդ տարվա համեմատ, այս տարի պակասել է 694-ով: Այսպես, եթե 2020 թվականի հունվար-հուլիսին ծնվածների թիվը կազմել է 19 հազար 435, 2021-ի նույն ժամանակահատվածում՝ 20 հազար 164, ապա այս տարվա՝ 2022-ի նույն ժամանակահատվածում այն պակասել է՝ դառնալով 19 հազար 470: