Գերիների վերադարձ. քանի՞սը մնացին Բաքվի բանտերում 

Գերիների վերադարձ. քանի՞սը մնացին Բաքվի բանտերում 

Երևանի ու Բաքվի համատեղ հայտարարությունից 6 օր անց 32 հայ գերիները երեկ վերադարձան Հայաստան:

Ադրբեջանական կողմը նրանց երեկ վերադարձրեց հայ-ադրբեջանական սահմանի Իջևանի հատվածում։ Հայկական կողմն էլ իր հերթին Ադրբեջանին հանձնեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակի սպանության համար ցմահ ազատազրկված Հուսեյն Ախունդովին ու 11 տարով ազատազրկված Ագշին Բաբիրովին։

Հայ գերիների վերադարձը երեկ հետին պլան էր մղել բոլոր իրադարձությունները, ընթացիկ քաղաքական վեճերն ու խնդիրները և դարձել էր համազգային ուրախության առիթ:

Այնուամենայնիվ, հայ-ադրբեջանական համատեղ հայտարարությունը նաև հարցեր է հարուցում, որոնց պատասխանները տակավին չունենք:

Օրինակ, ինչո՞ւ գործընթացը դարձյալ տեղի ունեցավ ադրբեջանական օրակարգով ու գերիները չփոխանակվեցին «բոլորը՝ բոլորը դիմաց» սկզբունքով: Եթե այդ սկզբունքը չի գործել, ապա ինչքանո՞վ էր նպատակահարմար Բաքու վերադարձնել նաև ադրբեջանցի հանցագործներից մեկին, ով Հայաստանում մարդ էր սպանել ու հետո հրապարակավ հպարտացել էր այդ փաստով:

Հայաստանը փաստորեն Բաքու վերադարձրեց իր մոտ գտնվող բոլոր ադրբեջանցի հանցագործներին, սակայն Բաքվում շարունակում են մնալ հայ ռազմագերիներ, որոնք հաստատված թվերով 23-ն են, իրականում՝ մի քանի տասնյակը:

Ե՞րբ և ինչի՞ դիմաց են այս մարդիկ վերադառնալու Երևան:

Եվ վերջապես՝ հայ-ադրբեջանական համատեղ հայտարարությունը փաստացի շրջանցել է Արցախի պատանդառված ղեկավարությանը, ինչը, մի կողմից, ենթադրում է, որ պաշտոնական Երևանը, մեղմ ասած, ջանքեր չի թափում նրանց ազատության համար, մյուս կողմից բացահայտվում է Բաքվի մտադրությունը՝ կազմակերպել դատական շոու, որն ուղղված է լինելու ԼՂՀ, նրա պետականության հիմքերի դեմ:

Ու ամենակարևորը. տպավորություն է, որ գերիների փոխանակման գործընթացը Բաքուն օգտագործում է երկկողմ բանակցությունների սեփական օրակարգն առաջ մղելու համար, ինչին Հայաստանի այսօրվա իշխանությունը, կարծես, չի ընդդիմանում:

Ավելորդ չենք համարում ևս մեկ անգամ արձանագրել` ուժային այսօրվա դիսբալանսի պայմաններում հայ-ադրբեջանական ուղղակի բանակցությունները դառնալու են քննարկում Հայաստանի կապիտուլյացիայի «ճանապարհային քարտեզի» մասին:

Վահրամ Բագրատյան