ՍԱԼՈՐ. բնական դեղամիջոց մի շարք հիվանդությունների դեպքում

Սալորը դեռևս շատ վաղուց կիրառվել է որպես սնունդ եւ որպես բալասան՝ բազմաթիվ հիվանդություններ բուժելու համար։ Հայ բժշկապետ Ամիրդովլաթ Ամասիացին XV դարում իր «Անգիտաց անպետ» դեղամիջոցների միջնադարյան հանրագիտարանում գրում է սալորի (դամոն) բուժիչ հատկությունների մասին հետևյալը. «Լավագույնը խոշոր ու քաղցր սալորն է։ Նրա տերեւների եփուկի ջրով ողողում կատարելիս կանցնեն կոկորդի ու լեզվի ուռուցքները։
Մաշկի ցանի դեպքում կօգնի պտուղներն ուտելը։ Իսկ եթե ծառի խեժը սուրմայի նման քսեն աչքին, ապա կմաքրի աչքը եւ կվերացնի կոպերի կարծրացումը։ Եթե խմեն հյութը կամ ամբողջությամբ ուտեն, ապա կհովացնի սրտի տապը։ Եթե խեժը թրջեն ու խմեն, կանցնի կրծքի քարացածությունը, չոր հազը, կոկորդի չորանալը։ Խեժը օգնում է միզատար ուղիների քարերի վերացմանը։ Իսկ եթե խեժը տրորեն քացախի մեջ ու քսեն մրմնջուկով ախտահարված մաշկին, կբուժի։ Օգնում է նաեւ դեղին մաղձով ուղեկցվող դողէրոցքի դեպքում։
Թարմ սալոր հարուստ է շաքարով (կախված սալորի տեսակից՝ 6-14%) պարունակում է օրգանական թթուներ՝ խնձորաթթու, կիտրոնաթթու, թրթնջկաթթու։ Պտուղներում հայտնաբերվել են պեկտինային միացություններ, ֆլավոնոիդներ (ենթավիտամին A), վիտամիններ՝ E, C, P, B խմբի, կալիումի միացություններ, մակրո եւ միկրոտարրեր։ Կորիզի միջուկը պարունակում է մինչեւ 42% ճարպայուղեր։ Սալորը լավ ազդեցություն ունի լյարդի աշխատանքի վրա, հատկապես հեպատիտների դեպքում։ Նաեւ բարերար ազդեցություն է ունենում աթերոսկլերոզի, հիպերտոնիայի դեպքում։ Տերեւների եւ պտուղների մեջ հայտնաբերված են կումարիններ։ Այս նյութերը կանխում են արյունատար անոթներում թրոմբների առաջացումը, օգնում դրանց բուժմանն ու ապաքինմանը, նաեւ լայնացնում սրտասնույց անոթները։
Անկասկած, առողջությանը օգուտ է բերում չորացրած սալորը՝ շլորաչիրը, որն ունի միզամուղ, թուլացնող ազդեցություն եւ առողջարար ներգործություն լեղապարկի բորբոքման (խոլեցիստիտ), լյարդի, երիկամների, հիպերտոնիայի դեպքում։ Սպասված արդյունք ստանալու համար սալորը պետք է ճիշտ ձեւով պատրաստել. վրան լցնել եռջուր, բայց երբեք չեռացնել։ Առավոտյան լավ է անոթի ուտել մի քանի հատ սալոր (եթե հնարավորություն կա, կրկնել օրը մի քանի անգամ)։
Հիպերտոնիայի եւ երիկամային հիվանդությունների դեպքում խմել սալորի կոմպոտ, առանց շաքարի։
Գոտկատեղի ցավերի դեպքում 258 գրամ փոշիացրած սալորի կորիզների միջուկի վրա լցնել 200 մլ օղի, պահել 7 օր, քամել։ Ոգեթուրմով շփել ցավոտ մասերը։
Փորկապության դեպքում առավոտյան անոթի ստամոքսին ուտել 10-12 հատ սալոր։ Ներգործում է արագ ձևով։