Տարեմուտի միակ մաղթանքը՝ «Գալ տարին՝ Արցախում»

Տարեմուտի միակ մաղթանքը՝ «Գալ տարին՝ Արցախում»

Տարեմուտը կդիմավորենք ոչ թե հետպատերազմյան վերականգնմամբ, այլ նոր ու կործանարար պատերազմի սպասումով, հուսաբեկ հասարակությամբ ու համընդհանուր անելանելիության զգացումով։ Վարչախումբը գտել է պատասխանատվությունից խուսանավելու միակ հնարավոր տարբերակը՝ կործանել պետությունը, գնալ վա-բանկ, բայց մեկ օր ավել էլ մնալ աթոռներին։

44-օրյա պատերազմից և կապիտուլյացիայի ստորագրումից հետո գոնե լույսի ու հավատի նշույլներ կային, որոնք առաջնորդում էին հայրենատեր զանգվածներին։ Այդպիսին էին, օրինակ, պարբերաբար հրապարակվող սխրանքների պատմություններն ու դրվագները, սակայն մեր հերոսների մեծ մասին անգամ անվանապես այդպես էլ չիմացանք։ Փոխարենն այսօր սպաների ու զինվորների ենթադրյալ դավաճանության ամենշաբաթյա տեղեկանքներ են ստացվում, ասես դա է մեր տեսակը, մեր գենն ու արյունը։ Վստահաբար՝ այս վարչախումբը միտումնավոր է հասարակությանը ներշնչում պարտվողականության, զիջողականության, ամեն գնով հանձնվելու, առանց զինական ուժի և զենքի ապրելու ցեղասպանածին գաղափարները։

Պետական կառավարման փոխարեն՝ Հայաստանում այսօր մի կողմից ծաղկում է մենիշխանական բռնատիրությունը, մյուս կողմից՝ քաոսն ու անպատասխանատվությունը։ Արտաքուստ անհամադրելի այս երկվությունն իրականում բնորոշ է ամբոխահաճ վարչակարգերին, մինչդեռ իրապես քաղաքական պատասխանատվություն ստանձնած և սեփական ժողովրդի առջև հաշվետու իշխանության առկայության դեպքում կլիներ տրամագծորեն հակառակը։

Հետպատերազմյան առաջին օրերին Փաշինյանն Արցախի և Հայաստանի վերականգման՝ 15 կետանոց ճանապարհային ծրագիր ներկայացրեց, բայց այդ դրույթներից որևէ մեկն առայսօր իրականացված չէ։ Երկու տարում Հայաստանի ամբողջ նորակազմ արևելյան սահմանագիծը՝ Սոթքից մինչև Մեղրի, շարունակում է թերպաշտպանված մնալ։ Արված ինժեներական աշխատանքներն էլ ամբողջապես փոշիացան սեպտեմբերի 13-14-ի երկօրյա պատերազմի հետևանքով։ Մեկուկես տարի առաջ գոնե Երկրապահ կամավորականների միության (մենք այդպիսի մոռացված մի կառույց ունենք) նախագահ Սասուն Միքայելյանն ընդունում էր, որ ադրբեջանցիները Սյունիքում կարող են առևանգել հայերին։ Այսօր արդեն նրա ձայնն էլ չի լսվում։

Այսօր շատերը նոր արցախյան շարժման սպասումով են և հույս ունեն, որ ինչպես այն ժամանակ, հիմա էլ արդարացի վրդովմունքը, ցասումն ու լքված հայրենակիցներին ապրումակցումը ոտքի կհանեն երևանաբնակ հայությանը։ Միայն թե համարժեք էլիտաներն են պակասում։ Չկան այն անխոցելի հեղինակությունները, որոնք հայոց հողի ընդերքի ուժը կբացատրեն, դրա գիտակցումը կբերեն մոլորյալ հայությանը։ Խորհրդահայ նոմենկլատուրային մտավորականության հենց այդ հորդորներն էին, որ զարմանալիորեն ֆանտաստիկ էներգիա հաղորդեցին լայն զանգվածներին, տարան հաղթանակի, որի հեռավոր հուշն անգամ առայսօր սարսափեցնում է թշնամուն։

Ադրբեջանի գիշերային մղձավանջը Հայաստանում ազգային ուժերի միջոցով իշխանափոխության հնարավոր սցենարն է։ Նրանք հրաշալի հասկանում են, որ դրան հաջորդելու է ուժերի վերականգնումը, ապա և ռևանշը, որով մեկընդմիշտ և վերջնականապես լուծվելու է իր բնօրրանում հայ ժողովրդի անվտանգ գոյության հարցը։ Բայց եթե դա այսօր հեռավոր մի երազ է թվում, մտքի և գաղափարի դաշտում հո կարելի՞ է ռևանշ անել, այլ կերպ ասած՝ չուրանալ հայրենիքն ու հայրենակիցներին, գոնե տեսական մակարդակում տեր լինել նրան, ինչն իրավունքով քեզ է պատկանում։

Ադրբեջանը լավ է հասկանում, որ եթե այս վարչախումբը վռնդվի, և հայ ժողովուրդը վերագտնի իր քաղաքական արժանապատվությունն ու պատվախնդրությունը, նա վաղ թե ուշ վերադարձնելու է իր կենսատարածքը՝ լինի ռազմական, թե դիվանագիտական ճանապարհով։ Այսօր, սական, քանի դեռ Փաշինյանի խունտան է իշխանության, գոնե եղածն է պետք պահել, փայփայել, հանկարծ չկորցնել։ Եվ հրեաների նմանողությամբ՝ Տարեմուտին ավանդական դարձնել հետևյալ բանաձև-կենացը՝ «գալ տարին՝ Շուշիում»։

 

Դավիթ Սարգսյան