Կուրսանտի սպանության գործով դատավճիռը տուժող կողմը կբողոքարկի

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատավճռի դեմ բողոք կներկայացվի։ Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ դատավճիռն արդեն ստացել են, ծանոթանում են եւ բողոք կներկայացնեն։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, ապրիլի 5-ին հրապարակել է դատավճիռը, որով Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը դատապարտվել են ազատազրկման ՝ 15 տարի ժամկետով։ Դատարանն ամբաստանյալներին առաջադրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104֊րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ, 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից՝ խուլիգանական դրդումներով առանձին դաժանությամբ սպանության հատկանիշներով մեղադրանքը վերաորակել է և նրանց մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից սպանության համար։ Ամբաստանյալներից Վաչե Սահակյանն առաջադրված մեղադրանքներից մեկով՝ 359-րդ հոդվածի 1֊ին մասով, արդարացվել է։
Նշենք, որ մեղադրական ճառով դատախազը պահանջել էր նրանց մեղավոր ճանաչել նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքներով ու դատապարտել ազատազրկման՝ 18-20 տարի ժամկետով, ինչի հետ, տուժող կողմը համաձայն չէր։ Տուժողի իրավահաջորդը պահանջում էր ամբաստանյալներին դատապարտել ցմահ ազատազրկման։
Դեռևս վճռի հրապարակման օրը տուժողի իրավահաջորդը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ պատիժը մեղմ է. «Գոնե մարդասպանին, ով անձամբ սպանել էր իմ որդուն, վկաների ցուցմունքով դա Գնել Թևոսյանն է եղել, 20- 25 տարով կամ ցմահ ազատազրկման դատապարտեին։ Ոնց կլինի՝ անձամբ սպանողին էլ 15 տարի տաս, ոտք բռնողին էլ»։
Պաշտպանության կողմն էլ հայտարարել էր, թե գործը պետք է ուղարկվեր՝ նոր քննության, ընդ որում, սա այն դեպքում, երբ դեպքը տեղի է ունեցել 7 տարի առաջ, իսկ գործը դատարանում էր շուրջ վեց տարի։
Դատավճիռն արդեն տեղադրված է նաև «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում, սակայն այժմ գործի վերաբերյալ տվյալները հասանելի չեն. տեղեկատվութունը սահմանափակ է։ ԲԴԽ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել են, որ գործը փակվել է, քանի որ դատավճռում առկա են զինվորական ծառայության վերաբերյալ տվյալներ։
Հիշեցնենք, որ կուրսանտի դին հայտնաբերվել է 2015թ. հունվարի 29-ին՝ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մարզահրապարակում պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Ըստ գործի նյութերի՝ մի քանի զինծառայողներ բռնել են անկողնում պառկած կուրսանտի ոտքերը և ձեռքերը, փակել բերանը՝ զրկելով օգնություն կանչելու հնարավորությունից, ապա սուր կտրող-ծակող գործիքով կտրել նրա աջ նախաբազկի արմնկափոսի երակը, որին հաջորդել են հարվածներ կուրսանտի կրծքավանդակին և դեմքին, այնուհետև սեղմելով պարանոցը՝ կոտրել են կուրսանտի ենթալեզվային ոսկորը, ապա հագցրել են կուրսանտի հագուստները և տեղափոխել զորամասի մարզահրապարակ, որտեղ և պտտաձողից կախել են այս դաժան գործողությունների արդյունքում շնչահեղձությունից մահացած Հայկազ Բարսեղյանին: Սույն գործով ամբաստանյալի կարգավիճակում են Հայկազ Բարսեղյանի չորս համածառայակիցները՝ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը, որոնք մեղադրվում են Հայկազ Բարսեղյանի սպանության համար։ Չորս ամբաստանյալներից բացի մեղադրանք էր առաջադրվել նաև նույն զորամասի կուրսանտ Վարազդատ Սաֆարյանին, որի նկատմամբ դատաքննության ընթացքում քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։