Փաշինյանի և Ալիևի «սինխրոնը» 

Փաշինյանի և Ալիևի «սինխրոնը» 

Նիկոլ Փաշինյանի բազմաժամանոց հեռուստատեսային հարց ու պատասխանին հանգամանալից անդրադառնալու մեծ ցանկություն չունենք, այնուամենայնիվ, դրա մի քանի դրվագներ ինքնին արտառոց են ու չեն կարող դուրս գտնվել մեր ուշադրությունից:

Օրինակ, Փաշինյանն ասել է, թե 2018-ի հեղափոխությունը, որ չլիներ, ՀՀ-ն հիմա անկախ պետություն դառնալու շանս չէր ունենա:

Նախ արձանագրենք, որ Հայաստանի գործող վարչապետի ամենամեծ ողբերգությունն այն է, որ նման զգայուն թեմայի նա անդրադառնում է բացառապես ներքաղաքական հաշվարկներից ելնելով, նախկին նախագահներին վարկաբեկելու անթաքույց նպատակով:

Փաշինյանի տրամաբանությունն այնքան խոցելի է, որ ավելորդ է անգամ քաղաքական լուրջ անալիզով դրան անդրադառնալը: 

Այնուամենայնիվ, նկատենք, որ պատերազմում հաղթանակը, ըստ Փաշինյանի, անկախ պետության հատկանիշ չէ, ու հակառակը, «անկախականության» «փայլուն» դրսևորումներ են արկածախնդիր քաղաքականությամբ երկիրը պատերազմի տանելը, ազգային աղետ բերելը, Արցախ կործանելը:

Ի դեպ, վերջին ամիսներին կայուն մի միտում է նկատվում․ Փաշինյանն ու Ալիևը «սինխրոն» են խոսում՝ նույն օրը: Կա՛մ Փաշինյանը գեներացնում է ադրբեջանական թեզեր, կա՛մ էլ այնպիսի մի միտք է արտահայտում, որը հեշտությամբ հակադարձվում է Ալիևի կողմից:

Ձախողված, կախյալ, իր տերերին ծառայող, խոշոր պետությունների միջև առճակատման հարթակի վերածված և միանգամից երկու աթոռի վրա նստող. Իլհամ Ալիևի գնահատականներն են Փաշինյանի «ինքնիշխանական» քաղաքականությանը, որոնք նա հնչեցրել է իր տնտեսական դաշնակիցների հետ Բաքվում տեղի ունեցած հանդիպմանը:

Այս դեպքում ձեռնպահ մնանք Ալիևի ասածը մեկնաբանելուց՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի խոսքերի համեմատությունը, դրանցից յուրաքանչյուրի օբյեկտիվության գնահատականը թողնելով մեր ժողովրդին:

Կամ ի՞նչ է նշանակում Փաշինյանի մտքի հերթական «գլուխգործոցը» ԼՂ խնդրի մասին: Նա ասել է, թե ԼՂ-ի լուծարումը տեղի է ունեցել 2016-ի օգոստոսին: 

Ընդամենը մի քանի օր առաջ Փաշինյանն ասել էր, թե ԼՂ խնդիրը փակվել է դեռ 1996-ին

Հիմա, Ղարաբաղը 1991-ի՞ն, 1996-ի՞ն, թե՞ 2016-ին ենք կորցրել: Զուր մի՛ չարչարվեք․ նշված տարբերակներից որևէ մեկն իրական չէ. ԼՂ թեման փակել է հենց Նիկոլ Փաշինյանը Պրահայի 2022թ-ի հոկտեմբեր 6-ի քառակողմ հայտարարությամբ:

Վահրամ Բագրատյան