Արագ չգործելու դեպքում Փաշինյանը վերջնականապես կվերածվի քաղաքականապես «անտերի» ու դա կփաթաթի Հայաստանի վզին

Արագ չգործելու դեպքում Փաշինյանը վերջնականապես կվերածվի քաղաքականապես «անտերի» ու դա կփաթաթի Հայաստանի վզին

Նոր աշխարհակարգի ձևավորումը մտնում է ավարտական փուլ, և թե որքան դեռևս կտևի այդ գործընթացը, դժվար է այս պահին ասել, սակայն միանշանակ է, որ արդեն որոշակի ուրվագծվում են խաղի այն կանոնները, որոնցով այդուհետ շարժվելու է աշխարհը։ Այս մասին հասկանում են հավանաբար բոլորը, բացի ՀՀ իշխանություններից, քանի որ այս մարդիկ սկզբից եկել են իշխանության, այնուհետև որոշել հետաքրքրվել, թե ինչ է իրենից ներկայացնում քաղաքականությունը, սակայն ներքաղաքական ինտրիգներ հրահրելուց, տեղական ինքնակառավարման մարմինները զավթելուց ու սեփական քաղաքացիներին ոստիկանության բաժիններ բերման ենթարկելուց այն կողմ չեն անցել։

Ըստ որոշ տեղեկությունների՝ Ադրբեջանը կրկին առաջ է քաշել Տիգրանաշենի հարցը, որը թեպետ նոր պահանջ չէ, սակայն համալրում է այն նախապայմանների շարքը, որոնք հաջորդել են խաղաղության պայմանագրի դրույթների համաձայնեցմանը։ 

Բնականաբար Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ կիրթ ու կառուցողական Ալիևը (այդպես էր ժամանակին Փաշինյանը բնութագրել նրան) շատ լավ հասկանում է, որ պահանջների այն ամբողջական ծավալը, որը Ադրբեջանը ներկայացնում է Հայաստանին, որքան էլ Նիկոլ Փաշինյանը ցանկանա, հնարավոր չէ արագ կատարել։ Կան նաև պահանջներ, որոնք կրկին որքան էլ Փաշինյանը ցանկանա, անիրականանալի են։ Բացի այդ, Ալիևը չի կարող հաշվի չառնել Հայաստանում Նիկոլ Փաշինյանի հանդեպ ահագնացող դժգոհությունները, որոնք ի վերջո կարող են հանգեցնել վերջինիս հրաժարականին, ինչը կբերի Հայաստանի արտաքին քաղաքականության կտրուկ փոփոխության ու արդյունքում Ալիևը կդառնա «Ոսկե ձկնիկի» պառավը։

Հետևաբար ո՞րն է այս հսկայածավալ պահանջների փաթեթի իմաստը։ Պատասխանն ակնհայտ է. Ալիևը քաջ գիտակցում է, որ սպառվել է Արևմուտքի ու նույնիսկ Թուրքիայի կողմից իրեն տրամադրված լիմիտը, նա աշխարհի կողմից ալևս չի ստանա լայմանասշտաբ պատերազմ սկսելու «քարտ բլանշ», ինչպես ստացավ 44-օրյա պատերազմի ժամանակ։

Նոր ձևավորվող աշխարհակարգի, ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների կարգավորման, ՌԴ-Ադրբեջան հարաբերությունների որոշակի լարվածության ու հատկապես թեժ հակամարտությունների աստիճանաբար մարման ֆոնին աշխարհը թույլ չի տա Ալևին նոր հակամարտություն հրահրել։ Այդ պատերազմը ոչ ոքի այս փուլում պետք չէ՝ ո'չ ԱՄՆ-ին, ո'չ Ռուսաստանին, ո'չ Եվրոպային, ո'չ էլ նույնիսկ Թուրքիային։

Ալիևը առյուծ է ընդամենը Փաշինյանի համեմատ, սակայն Ադրբեջանը որպես պետություն խաղացող չէ, ուստի հաշվի առնելով փաստերը, նա ունի գործողության երկու տարբերակ, որոնք երկուսն էլ, ցավոք, աշխատող են ՀՀ իշխանությունների քաղաքականապես տկարամտության պատճառով։

Ադրբեջանը կա՛մ կդիմի «բլից կրիգի»՝ Սյունիքից պոկելով զգալի տարածք, ինչն էլ կապահովի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», կա՛մ պատերազմի սպառնալիքով կհասնի ներկայացրած պահանջների մեծապես կատարմանը՝ կրկին «Զանգեզուրի միջանցքը» ներառյալ։ 

Այս սցենարից խուսափելու համար պետք էր ունենալ իշխանություն, որն ի զորու կլիներ ընկալել աշխարհաքաղաքական գլոբալ տատանումները։ Նիկոլ Փաշինյանը պետք է այս օրերին զբաղվեր արտաքին քաղաքականության շտկմանը ուղղված քայլերով, որովհետև արդեն մի հիմարություն թույլ տվել էր՝ փլուզվող աշխարհակարգի պայմաններում վեկտորի փոփոխություն կատարելու փորձով։

Եթե Հայաստանն ունենար արտաքին քաղաքական գործող գերատեսչություն ու գործող հմուտ դիվանագետներ, ապա պետք է օր ու գիշեր զբաղվեր ոչ միայն նոր դաշնակիցներ ձեռք բերելով (նոր դաշնակիցներ ձեռք բերելը միանգամայն ողջունելի մոտեցում է), այլև հնարավորինս արագ փորձեր կարգավորել հայ-ռուսական հարաբերությունները, այն բերեր ամբողջական դաշնակցային վիճակի ու կրկին վերադառնար ՀԱՊԿ։ Քաղաքական մեծ գրագիտություն պետք չէ հասկանալու համար, որ գոնե ներկայումս Հայաստանը չի մտնում ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների ցանկ, ՆԱՏՕ-ն այլևս միասնական չէ ու կանգնած է փլուզման եզրին, ԵՄ-ն ինքն է մտորում սեփական անվտանգային համակարգ ստեղծելու մասին ու անկարող է ապահովել Հայաստանի ոչ միայն անվտանգությունը, այլ լուծել քիչ թե շատ զգալի քաղաքական հարցեր։

Հակառակ պարագայում Հայաստանը ոչ միայն չի օգտվի աշխարհաքաղաքական նոր վիճակից, այլև այս կամ այն ձևով կկատարի Ալիևի բոլոր պահանջները, Նիկոլ Փաշինյանն էլ վերջնականապես կվերածվի քաղաքականապես «անտերի» ու ցավալիորեն իր այդ կարգավիճակը կփաթաթի նաև Հայաստանի Հանրապետության վզին։

Կարեն Կարապետյան