Ալիևը հայտարարում է իր «հաղթանակի» մասին

Ալիևը հայտարարում է իր «հաղթանակի» մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը փաստացի կարելի է համարել անվավեր: «Հակամարտությունը կարգավորելու համար Մինսկի խմբին տրված մանդատը թեև դե յուրե ուժի մեջ է, բայց դե ֆակտո այն կարելի է համարել անվավեր», - ասել է Ալիևը՝ հիշեցնելով, որ գործունեության 28 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը ներկայացնող համանախագահները հարյուրավոր անգամ այցելել են Հայաստան և Ադրբեջան:
«Արդյունքն ակնհայտ է՝ զրո: Ադրբեջանն ինքը ռազմաքաղաքական ճանապարհով լուծեց այս հակամարտությունը», - նշել է նա:

Ադրբեջանի առաջնորդի խոսքով` պատերազմից ավելի քան մեկ տարի անց ԵԱՀԿ Մինսկի խմբից որևէ առաջարկ չի ստացվել. «Իսկ ներկայիս պայմաններում Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը փաստացի անգործունակ է, այս մասին արդեն խոսում են համանախագահող երկրների բարձրաստիճան պաշտոնյաները, իսկ այդ դեպքում խմբակային որևէ գործունեության մասին խոսք լինել չի կարող»,- ասել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահը Մինսկի խմբի համանախագահության փաստացի չգոյությունը համարում է իր քաղաքականության ձեռքբերումներից մեկը՝ կարծելով, որ միջնորդական ձևաչափի անգործության պայմաններում օրակարգից դուրս է գալիս նաև ԼՂ խնդրի կարգավորման գործընթացը

Հենց այդ շեշտադրումներով էլ Ալիևն անդրադարձել է Միշելի միջնորդությամբ կայացած իր հանդիպմանը Փաշինյանի հետ։ «Իհարկե, թե՛ փորձագետները, թե՛ ադրբեջանական հանրությունը տեսան, որ այդ հանդիպման վերջնական հայտարարությունում չկա «Լեռնային Ղարաբաղ» անվանումը, ինչը բնական է. Ադրբեջանն ընդդիմանում էր դրան: Չկա նաև «հակամարտություն» բառը։ Դա ևս բնական է, քանի որ հակամարտություն չկա, այն լուծված է»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

Այսպիսով՝ Ալիևը վստահ տոնով հայտարարում է՝ հենց իր օրակարգով են ընթանում բանակցությունները։ Ի դեպ, Ադրբեջանի նախագահն ամենևին էլ չի չափազանցնում, որովհետև երեկ խորհրդարանական ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, հաստատել է Ալիևի պնդումները։
Պաշտոնական Երևանը, լավագույն դեպքում, երկչոտ պատասխաններ է տալիս, ինչն ավելի է առիթավորում Ալիևին, մանավանդ, որ ՔՊ գործիչներն իրենց հիմնական «առաքելություն» են համարում Արցախի դրոշների դեմ «արշավը»։

 

Վահրամ Բագրատյան