Ես խոստանում եմ՝ Ալեն Սիմոնյանին լավ օրեր չեն սպասվում. Անժելա Թովմասյան

Ես խոստանում եմ՝ Ալեն Սիմոնյանին լավ օրեր չեն սպասվում. Անժելա Թովմասյան

Ալեն Սիմոնյանն ընդդեմ Անժելա Թովմասյանի գործով դատական նիստը կկայանա 2024 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 12:55-ին: Այս մասին MediaHub-ին հայտնեց «Հայելի» լրատվական կայքի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանը:

Նշենք, որ հայցվոր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացուցիչ Վ․ Հարությունյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Հայելի ակումբի հիմնադիր Անժելա Թովմասյանի՝ վիրավորանքի համար ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին: Մասնավորապես, հայցվոր Ալեն Սիմոնյանը պահանջում է Անժելա Թովմասյանից բռնագանձել 3 000 000 (երեք միլիոն) ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում, ինչպես նաև պատասխանող Անժելա Վարդանի Թովմասյանից հօգուտ հայցվոր Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել ընդհանուր 590 000 (հինգ հարյուր իննսուն հազար) ՀՀ դրամ դատական ծախսերի հատուցում, որից 480 000 (չորս հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ փաստաբանի վարձատրության գումար, 110 000 (հարյուր տասը հազար) ՀՀ դրամ պետական տուրքի գումար։  

MediaHub-ի հետ զրույցում Թովմասյանը նշեց, որ իր համար ոչ մի նորություն չկար։
«2018 թվականից հետո բոլոր նրանք, ովքեր հասկացել են, թե ինչ աղետ է բերելու այս ազգակործան իշխանությունը, հետապնդումների ու ճնշումների են ենթարկվում, և բոլորս գիտենք բազմաթիվ լրատվամիջոցներ, որոնց խմբագիրներիդ, լրագրողների դեմ հայցեր են ներկայացվել: Եվ Արցախը հանձնելուց հետո այս իշխանությունը, բնականաբար, պետք է իր գործիքակազմը ավելի ուժեղացներ, հատկապես, որ արդեն Հայաստանը հանձնելու խնդիր է դրված»,- ասաց նա:

Թովմասյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը այդ բռնաճնշումների գործում ներքաշել է բոլորին՝ դատավորներին, պատգամավորներին և այլն, իսկ Ալեն Սիմոնյանը, նրա խոսքով, չի բացառում ինքնագործունեությունը և փորձում «շեֆի մոտ ինքնադրսևորվել»:

«Եվ սա միայն իմ նկատմամբ չէ,  15-ից ավելի մարդու նկատմամբ է այդ գործիքակազմը գործադրվում: Փորձում են ֆինանսապես ճնշել, հոգեբանորեն, սպառնում են այն գործարարներին, որոնք մեզ հետ համագործակցում են: Եվ միշտ են դիմում այդ գործիքակազմին»,- նշեց մեր զրուցակիցը:

Անժելա Թովմասյանը նշեց, որ իր փաստաբան Հայկ Ալումյանը բողոքարկել է, որովհետև ժամկետների խախտում կա հայցվորի կողմից: Դատական նիստին փաստաբանը դատարան ներկայանալու է։

«Բայց էն, որ Ալեն Սիմոնյանին լավ օրեր չեն սպասվում, ես իրեն խոստանում եմ»,- հավելեց մեր զրուցակիցը:

Գործը կքննվի ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյան 2 նստավայրի վարչական շենքում: