Դատախազությունն «Ընդերքի գործակալության» նախկին պետի պաշտոնակատարից պահանջում է բռնագանձել շուրջ 500 մլն դրամ
Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի հունիսի 2-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ 2017-2018 թվականների ընթացքում Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի «Ընդերքի գործակալության» պետի պաշտոնակատար Ա.Ա.-ից և վերջինիս փոխկապակցված 1 անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
Երևան քաղաքում և Կոտայքի մարզում գտնվող 2 անշարժ գույք, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը՝ շուրջ 60 մլն 802 հազար 500 դրամ.
Երևան քաղաքում գտնվող անշարժ գույքի ներկայիս միջին շուկայական արժեքի չափով գումարը՝ 83 մլն 655 հազար դրամ.
«MITSUBISHI PAJERO» մակնիշի տրանսպորտային միջոցը
«Լեոնարդո և ընկերներ» ՍՊ ընկերության 50 տոկոս բաժնեմասը.
382 մլն 14 հազար դրամի չափով գումար, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել: