Շրջափակումից հետո 1000-ից ավելի աշխատատեղեր են կրճատվել․ Մեսրոպ Առաքելյան

2020 թվականի պատերազմից հետո էապես փոխվել է Արցախի տնտեսության կառուցվածքը, նոր ծախսեր իրականացնելու պատճառով ունեցել ենք բյուջետային և տնտեսական բազմաթիվ խնդիրներ։ Այս մասին «Մեկ ամիս շրջափակման մեջ․ հումանիտար ճգնաժամ» տեսակամուրջի ժամանակ ասաց Արցախի պետական նախարարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը։

«2022 թվականի դեկտեմբերի 12-ից ճանապարհի փակման արդյունքում 2022 թվականի պետական բյուջեի մասով թեև աշխատավարձերի և կենսաթոշակների վճարումը դեկտեմբեր ամսվա համար ամբողջությամբ կատարվել է, սակայն պարտավորությունների մի մասը պետական բյուջեի դեկտեմբեր ամսին ամրագրվեց լրացուցիչ դեֆիցիտի տեսքով»,-ասաց Առաքելյանը, հավելելով, որ այդ պարտավորությունները ստիպված կատարվելու են այս տարվա ընթացքում։

Լաչինի միջանցքի փակումից ի վեր բազմաթիվ ընկերություններ, բազմաթիվ ոլորտներ հնարավորություն չունեն աշխատելու, որը ոչ միայն հարկային եկամուտների էական նվազեցում է առաջացնում, այլ նաև աշխատատեղերի։

«Այս պահին ցավով պետք է արձանագրենք, որ արդեն 1000-ից ավելի աշխատատեղերի կրճատում, բիզնեսների ժամանակավոր փակման գործընթաց է տեղի ունենում և 2023 թվականի պետական բյուջեն էականորեն փոխելու է իր կառուցվածքը»,-խոսքն ամփոփեց Արցախի պետնախարարի խորհրդականը։

Մանրամասները՝ տեսանյութում։