Արցախը հանձնողը Մոսկվան ու Բրյուսելը չեն, Երևանում էլ Փաշինյանի ձեռքը բռնող այդպես էլ չգտնվեց

Արցախը հանձնողը Մոսկվան ու Բրյուսելը չեն, Երևանում էլ Փաշինյանի ձեռքը բռնող այդպես էլ չգտնվեց

2020 թվականից սկսած հստակ ուրվագծվեց այն, որ ՀՀ ներկայիս ղեկավարությունը հետևողականորեն հանձնում է Արցախը: 44-օրյա պատերազմից հետո դա հայերս՝ թե՛ Հայաստանում ապրող, թե՛ Սփյուռքում, թե՛ հատկապես Արցախում դա զգում ենք ամեն րոպե ու ամեն ժամ, և Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը դա անգամ չեն էլ թաքցնում:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ, հերթական անգամ, այդ մասին բարձրաձայնեց: Նրա հայտարարությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների ու, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի մասով այնքան բուռն ընդունվեց հանրության կողմից, կարծես նոր ու սենսացիոն բան հնչեցվեց՝ բանակցային գործընթացների կուլիսներից: Մինչդեռ Լավրովը ուղղակի ասաց այն, ինչ կա, ինչի մասին բոլորը գիտեն ու ուղղակի մատնանշեց՝ այս պահին ընթանում է ոչ թե Արցախի հանձնման գործընթաց, այլ, ըստ էության, դրա տեխնիկական մասը՝ ինչպես, երբ և այլն: Քանզի, Արցախը վաղուց է հայտնվել, բայց ոչ նախկինների օրոք, ինչպես պնդում էր Փաշինյանը, այլ հենց իր օրոք ու իր ձեռամբ:

Ռուսական կողմն ուղղակիորեն ու բավականին կոշտ հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները, շրջանցելով նախկինում քննարկված ձևաչափերը, այդ թվում և ՌԴ միջնորդական ջանքերն ու Արցախի, ըստ էության, անվտանգությունն ապահովելու գործողությունները, Բաքվի հետ ուղիղ պայմանավորվածությամբ Պրահայից Սոչի է բերել խաղաղության պայմանագրի արդեն իսկ փոխհամաձայնեցված փաստաթուղթ։ Ասել է թե՝ Երևանն ու Բաքուն արդեն իսկ ամենը համաձայնեցրել են, ողջագուրվել, իսկ հիմա, կրկնենք, զուտ տեխնիկական հարցերը քննարկելու ժամանակն է, բայց ոչ բովանդակության:

Թուրք-ադրբեջանական տանդեմը կարողացավ իր համար Հայաստանի ներսում գտնել այնպիսի դաշնակից, որը խաչ է քաշում երեսուն տարիների գործընթացներին, Արցախի ներկայի ու հատկապես ապագայի վրա, կանխորոշելով այն Ադրբեջանի կազմում: Հետևապես պետք չէ զարմանալ կամ նյարդայնանալ, երբ Լավրովը խոսում է այն մասին, որ «Ադրբեջանը պատրաստ է երաշխիքներ տրամադրել Արցախի հայերի իրավունքների համար»:  Հակառուսական հիստերիայի նոր ալիքը կանխել, իհարկե, չի ստացվի, բայց փորձենք հուշել՝ այդ զայրույթը ուղղեք իրական հասցեատերերին, որոնք այսօր ամանորյա զարդարանքով պատված Կառավարության շենքում են նստած, հստակ գիտակցելով, որ այս խայտառակությունը ևս հանրությունը կուլ կտա, որովհետև, մեծ հաշվով, ՀՀ բնակչության շատ չնչին մասին է, ցավոք, հուզում Արցախի ու արցախահայության հարցը: Որքան էլ ցավալի է, բայց դա փաստ է և հենց դրա վրա է հիմնված Փաշինյանի վստահությունը, որ ինքը ինչ էլ անի, ոնց էլ մասնատի Հայաստանը միևնույնն է իր ձեռքը բռնող չի լինելու: Ինչպես եղել է մինչև այսօր: Իսկ մնացած օրակարգերը, հատկապես, իբրև, նրա հրաժարականի պահանջով, ուղղակի «имитация бурной деятельности» և սեփական թերացումները հետագայում արդարացնելու խաղաքարտ են: