Պետք է պայքարել՝ չկորցնելու Սյունիքը, չկորցնելու մնացածը, չդառնալու ուղղակի տարածք՝ առանց ինքնության․ Լևոն Քոչարյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի համար 2023 թվականը լի էր բուռն իրադարձություններով․ նա նույն տարվա մեջ հասցրեց և՛ «ճաշակել» բանտային կյանքի «բարիքները», և՛ մանդատ ստանալ ու օգտվել պատգամավորական բարիքներից, եթե այս իրավիճակում դա կարելի է բարիք համարել։
MediaHub-ը 2023-ին տեղի ունեցածի, ինչպես նաև 2024-ից սպասելիքների մասին զրուցել է Լևոն Քոչարյանի հետ։
-Պարոն Քոչարյան, ինչպիսի՞ն էր 2023 թվականը երկրի համար՝ ընդհանարպես, և Ձեզ համար՝ անձնապես։
-Եթե մի բառով, ապա ողբերգական։
-Ողբերգական երկրի՞ համար, թե՞ նաև Ձեզ համար։
-Երկրի համար, իհարկե, նաև ինձ համար։
-2023 թվականին Ձեր կյանքում բավականին բուռն իրադարձություններ տեղի ունեցան՝ Ձեզ կալանավորեցին, մի քանի ամսով հայտնվեցիք բանտում, հետո դուրս եկաք և դարձաք պատգամավոր։ Այս ամենը Ձեզ համար որպես կյանքի փո՞րձ կարելի է համարել, թե՞ բնական պրոցես էր։ Ինչպե՞ս եք գնահատում։
-Կյանքի փորձ, իհարկե, կա էս ամեն ինչի մեջ՝ կալանք տեսնել, ծանոթանալ այդ ամենին, ու դեպքերը այդ մասով ինչ-որ տեղ անսպասելի զարգացան։ Բայց ունենք այն, ինչ ունենք, ընդունում եմ այս իրականությունև, և առաջ ենք գնում։
-Հիմա ինչպե՞ս եք զգում Ձեզ կալանավայրից հետո պատգամավորական աթոռին, այն էլ այս խորհրդարանում, այսպիսի միջավայրում։
-Փորձում եմ այս կարգավիճակը, այս իրականությունը, որում հայտնվել եմ, օգտագործել ի նպաստ այն պայքարի, որը տարիներ շարունակ տանում ենք։
-Կարծիքներ կան, որ եթե Դուք չհայտնվեիք բանտում, չէիք հայտնվի նաև խորհրդարանում, քանզի Ձեզ բանտից ազատելու ճանապարհը Ձեզ մանդատ տալն էր, դրա համար էլ ցուցակում ձեզնից առաջ մանդատից հրաժարվողներ եղան։
-Այդ մասով քանի անգամ խոսել եմ, ասել եմ, ես օդից չեմ հայտնվել այդ ցուցակում, այդ ցուցակով ընտրությունների եմ մասնակցել, եղել եմ այդ համարը, և հերթական համարը ինձ է հասել, ու դարձել եմ պատգամավոր։
-Ամեն դեպքում, եթե չկալանավորվեիք, իրադարձություններն այդպես արագ կզարգանայի՞ն, որ հերթը հասներ Ձեզ։
-Չգիտեմ, ես հիմք եմ ընդունում այն հայտարարությունները, որոնք արել են ցուցակում մինչև ինձ եղած մարդիկ, և նորից կրկնեմ՝ եթե իրենց որոշման մեջ նաև դեր է խաղացել ինձ ապօրինի կալանքից ազատելը, ապա միանշանակ ես նույնը կանեի իրենց կամ մնացածների համար։
-Ռիսկ տեսնո՞ւմ եք, որ Ձեզ նորից կփորձեն հետ ուղարկել կալանավայր, քանզի գործը դեռ փակված չէ։
-Իհարկե, գործը փակված չէ, գործը շարունակվում է։ Իսկ ռիսկ, գիտե՞ք, վերջին հինգ տարիներին մենք շատ տարբեր ու ակնհայտ ապօրինություններ ենք տեսել այս իշխանությունների կողմից։ Եվ խոսքը միայն ինձ չի վերաբերում, բոլոր նրանք, որոնք բացահայոտւմ են այս իշխանությունների ստերը, գործելաոճը և խոսում են դրանից, այդ ռիսկի առջև, իհարկե, կանգնած են։
-Իսկ ի՞նչ հասցրիք անել այս կարճ ընթացքում՝ տարվա վերջին դառնալով պատգամավոր, որևէ օգուտ կարողացա՞ք տալ հանրությանը, պետությանը, նաև ձեր պայքարին։
-Ես հիմնականում փորձում եմ հնարավորինս շատ հանդիպել մարդկանց հետ, զրուցել, բացատրել մեր մոտեցումները իշխանությունների վարած վտանգավոր քաղաքականության նկատմամբ, և այս մասով կարծում եմ՝ այո, դրական ինչ-որ բաներ արվել են ու արվում են։
-Բայց անձամբ Ձեր ու ձեր թիմակիցների պայքարը՝ Ձեր հոր գլխավորությամբ, անարդյունավետ ստացվեց և անպտուղ եղավ․ դուք պայքարում էիք Արցախը չկորցնելու համար, բայց Արցախը հանձնվեց, շատ բարեհաջող կերպխով, հանձնվեց այս իշխանությունների կողմից։
-Մենք անդադար վերջին տարիների ընթացքում զգուշացնում ենք, խոսում և հարցազրույցներ ենք տալիս, նաև փողոց ենք դուրս գալիս, բախվում ենք բիրտ ուժի, բայց չենք դադարել պայքարել ու չենք դադարելու պայքարելը, որովհետև այս իշխանության շարունակական իշխելու դեպքում վտանգները էլ ավելին են լինելու։ Եթե Արցախը հայաթափվել է, այս ողբերգությունը եղել է, ապա սրանով չի կանգնելու ձախողումների այս շղթան, և պետք է պայքարել միանշանակ։
-Իսկ հիմա՞ ինչի համար եք պայքարելու, քանզի Արցախը այլևս չկա։
-Պետք է պայքարել՝ չկորցնելու Սյունիքը, չկորցնելու մնացածը, չդառնալու ուղղակի տարածք՝ առանց ինքնության։
-Ստացվում է՝ մենք պայքարում ենք մի բանի համար, որն անարդյունավետ է լինում։ Հետո տեսնում ենք՝ դա չի ստացվում, ասում ենք՝ լավ, հիմա էլ կպայքարենք Սյունիքի, հետո Տավուշի, Գեղարքունիքի, մի օր էլ Երևանի վարչական շրջանների համար կսկսենք պայքարել։ Այդպես անպտուղ մինչև ո՞ւր ենք պայքարելու։
-Ինչքան ուժ ունենք, ինչքան որ կենդանի ենք, պետք է պայքարենք։ Իսկ հակառակը ո՞րն է։
-Ձեր՝ խորհրդարանում հայտնվելը տարբեր կերպ մեկնաբանվեց․ ասում են՝ թեպետ Ռոբերտ Քոչարյանը խորհրդարանում չէ, իսկ Ձեր հոր հանդեպ գիտեք՝ ինչ «բուռն զգացմունքներ» են տածում այս իշխանությունները, փոխարենը Դուք եք այնտեղ, և ինչ էլ ասեք՝ իրենք Ձեզ հակադարձելու են, թե «ձեր ժամանակ էլ այսպես էր»․ նման մի դրվագ արդեն եղել է։ Այս առումով Ձեր՝ խորհրդարանում լինելը ավելի շատ կօգնի՞, թե՞ կվնասի ընդհանուր պայքարին։
-Գիտե՞ք, ես այդ նույն Ձեր ասած ժամանակ էլ արձագանքել եմն, որ իսկապես կարծում եմ՝ մեր հասարակության մեծ մասը արդեն հոգնել է այդ համեմատություններից, ու ես այդ համեմատությունների զոհը չեմ դառնալու, շարունակելու եմ բացատրել, ցույց տալ այն վտանգները, որոնք մեր երկրի առջև կանգնած են։ Եւ մեր բնակչության մի մասը, որ մոլորության մեջ է գտնվում իշխանության ստերի ձեռքը, նրանց աչքերը փորձելու եմ բացել, հասկացնել․․․
-Հենց փորձում եք հանրության աչքերը բացել, անմիջապես հակադարձում են՝ «բա ձեր Քոչարյանը, բա ձեր Սերժը»։ Այսինքն՝ նախկին նախագահների կերպարները, հատկապես երկրորդ նախագահի կերպարը մի կողմից ֆետիշացրել են, մյուս կողմից նրանից կերտել են մի հրեշավոր կերպար, որ նույնիսկ ամենավատ բանն էլ, որ հիմա տեղի է ունենում, միշտ ասում են՝ «ուզում եք նախկինները կամ Քոչարյա՞նը հետ գա»։ Ստացվում է՝ քանի դեռ Ձեր հայրը կամ նախկինները կան, Նիկոլ Փաշինյանը շարունակելու է գոյություն ունենալ։
-Ոչ, այդպես չի ստացվում, քաղաքական դաշտը ոչ ոք չի մոնոպոլիզացրել, կար մի տևական ժամանակ, երբ փողոցային պայքար չկար, և այդ նույն մեղադրանքները կային նաև նախկինում։ Դաշտը բաց է ու միշտ է բաց, եթե կան նոր ուժեր ու նոր մեղքեր, ես ինքս եմ ողջունում այդ ամենը։ Բայց եթե դու՝ ինքդ տեսնում ես էս ամեն ինչը, ինչ կատարվում է, ուղղակի չես կարող անտարբեր լինել այս ամենի հանդեպ։ Ես հասկանում եմ այն, ինչ ասում եք, թե ինչպես են տարիներ շարունակ այդ կերպարները ստեղծվել, ու մեծ մասով՝ ստի վրա հիմնված։ Բայց նույն այն, ինչում մեղադրում են, մի բան հաստատ չեն կարող հերքել՝ երկրի անվտանգությունն ու Արցախն էր, որը անառիկ և ամուր է պահվել։ Իսկ իշխանությունները կորցնելով, ձախողելով՝ անընդհատ փորձում են մեղավորներ, ձախողումներ փնտրել։
-Միևնույն է, Ռոբերտ Քոչարյանի «ուրվականը»՝ քաղաքական իմաստով, դաշտում դեռ կա։ Որքան էլ նա չի խոսում, չի երևում ասպարեզում, բայց թեկուզ Ձեր տեսքով, բայց նրա կերպարը կա, շրջում է քաղաքականության մեջ։
-Ո՞ւ։
-Չգիտեմ, Դուք ի՞նչ լուծում եք տեսնում այս իրավիճակում․ մի կողմից պահանջում են, թե ինչո՞ւ չի խոսում Ռոբերտ Քոչարյանը, թող գա, ակտիվանա, խոսի, ելույթ ունենա, մյուս կողմից էլ ասում են՝ թող ինքը գնա, որովհետև խանգարում է պայքարին։
-Շատ ճիշտ եք ասում, մի կողմից ասում են՝ թող չլինի, մյուս կողմից ասում են՝ բա ինչո՞ւ չկա։ Դրա համար, երբ ճիշտ կհամարի, կխոսի։ Ինքը մնացած պրոցեսների մեջ կա, իսկ եթե խոսքը հրապարակային խոսքի մասին է, ապա կխոսի այն ժամանակ, երբ ճիշտ կհամարի։
-2024 թվականին ինչ-որ բուռն իրադարձություններ սպասե՞նք, ընդդիմությունը ինչ-որ քայլեր նախապատրաստո՞ւմ է, թե՞ դուք հիմա ավելի շատ նախապատրաստվում եք 2026 թվականի հերթական ընտրություններին, քանզի արտահերթի հույս այլևս չկա։
-Բուռն իրադարձություններն ինքնանպատակ չպիտի լինեն, այդ իրադարձությունները պետք է լինեն հաշվարկված, հետևաբար ընթացքը ցույց կտա։
-Իսկ Ամանորը որտե՞ղ դիմավորեցիք, և ինչպիսի՞ն է Ձեր մաղթանքը նոր տարվա հետ կապված։
-Ամանորը միշտ տանը, ընտանեկան միջավայրում ենք անցկացնում, և այս տարին էլ բացառություն չէր՝ առանց առանձնապես ինչ-որ բան նշելու, մեծ հաշվով նշելու բան էլ չկա։ Իսկ մնացածը՝ ողջախոհություն եմ մաղթում բոլորիս։
Վահե Մակարյան