Փաշինյանի տոտալ անպատասխանատվությունը՝ սպառնալիք Հայաստանի համար

Եթե մի օր մասնագետները ձեռնամուխ լինեն այս օրերի պատմության ստեղծմանը, կարձանագրեն, որ 2022թ-ի դեկտեմբերի 22-ն արտառոց օր էր, որովհետև հնարավոր չէ պատկերացնել, որ իշխանության բարձրաստիճան երեք պաշտոնյաներ հանդես կգան միանգամայն իրարամերժ հայտարարություններով:
«Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկները, և մենք պատրաստ ենք ստորագրել այդ բովանդակությամբ պայմանագիրը»,- կառավարության նիստի մեկնարկին հայտարարում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Եվ այսպես, վարչապետը տպավորություն է ստեղծում, որ խաղաղության գործընթացը բնականոն հունով առաջ է գնում, անգամ՝ Լաչինի միջանցքի ճգնաժամի համատեքստում:
Կառավարության նիստից անմիջապես հետո Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը շտապում է «խմբագրել» Փաշինյանին: Պարզվում է՝ խաղաղության գործընթացի ճանապարհին մի «բայց», այնուամենայնիվ, կա՝ Ադրբեջանի բարի կամքը: «Հնարավոր է` մինչև տարվա վերջ ստորագրել խաղաղության պայմանագիրը, եթե Ադրբեջանը դրական արձագանքի: Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ»,- ասել է Գրիգորյանը:
Սակայն ինչ կատարվեց սրանից անմիջապես հետո՝ արդեն զավեշտի դաշտից է:
«Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված է եղել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, սակայն հայկական կողմը խնդրել է հետաձգել հանդիպումը, քանի որ այս պահին Հայաստանի ԱԳ նախարարի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է»,- ԶԼՄ-ներին ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
Հայաստանի արտաքին քաղաքականության իրականացման հարցում ինստիտուցիոնալ ամենաթողություն է:
Իշխանությունը չունի օրակարգ ու կոնյուկտուրայից ելնելով՝ Փաշինյանը հակասական հանձնարարություններ է տալիս ԱԳՆ-ին ու ԱԽ քարտուղարին:
Դա այլևս տեսանելի փաստ է:
Հետաքրքիր է՝ Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն ո՞ր ուղղությամբ է անելու Միրզոյանը, եթե բոյկոտում է մոսկովյան հանդիպումը, որտեղ նրա բանակցային վիզավիները Լաչինի միջանցքի ճգնաժամի հիմնական պատասխանատուներն են՝ Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները:
Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները Մոսկվայի ու Բաքվի հասցեին Երևանից հանդես գալիս բարձրագոչ հայտարարություններով, բայց խուսափում են այդ սուր հարցերը բարձրացնել բանակցությունների ժամանակ:
Փաշինյանի տոտալ անպատասխանատվությունը սպառնալիք է դառնում Հայաստանի համար:
Վահրամ Բագրատյան