Ի վերջո, ադրբեջանական պետհամարանիշով բեռնատարը հատե՞լ է ՀՀ սահմանը․ ԱԱԾ-ն պարզաբանում է

ՀՀ քաղաքացիներից մեկը օրերս տեսանյութ էր հրապարակել Բագրատաշեն-Իջևան ճանապարհահատվածից, որում երևում էր, թե ինչպես է ադրբեջանական AZ 99-ZX-491 պետհամարանիշով բեռնատարը հանգիստ ընթանում ՀՀ տարածքով դեպի Տավուշի մարզի Իջևան քաղաք։
Տավուշցի տղամարդը, որ նկարահանել էր տեսանյութը, նկատել էր, որ սահմանը հատելուց հետո՝ մինչև Իջևան հասնելը, ադրբեջանական համարանիշները փոխարինվել էին ռուսականով։
Ի՞նչ գործ ունեն ադրբեջանցիները ՀՀ-ում և ի՞նչ են փոխադրում Վրաստանի տարածքով. Բագրատաշեն անցակետի սահմանապահ ծառայողները չէին պատասխանել քաղաքացուն մտահոգող այս հարցերին:
MediaHub–ը դիմեց ԱԱԾ-ին՝ հասկանալու, թե ո՞ր անցակետով է այս բեռնատարը հատել ՀՀ սահմանը, ի՞նչ հիմնավորմամբ է դա թույլ տրվել, և ընդհանրապես՝ արդյո՞ք թշնամի երկրի պետհամարանիշով մեքենաները կարող են հանգիստ հատել մեր սահմանը։
Ի պատասխան՝ կառույցը ուղարկել է հետևյալ գրությունը. «Վերջին մեկ տարում ՀՀ պետական սահմանի անցման կետերով ադրբեջանական հաշվառման համարանիշներով տրանսպորտային միջոցների սահմանահատումների վերաբերյալ ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում տվյալներ առկա չեն»։
«Իսկ ադրբեջանական պետհամարանիշներով տրանսպորտային միջոցը կարո՞ղ է հատել հայկական սահմանը, եթե այո, ապա կապ ունի՞, արդյոք, թե վարորդը ինչ ազգության է կամ ո՞ր երկրի քաղաքացի է» հարցին ԱԱԾ-ն պատասխանել է․ «Օտարերկրյա որևէ պետության համարանիշներով տրանսպորտային միջոցի, ինչպես նաև ազգային պատկանելիությամբ պայմանավորված վարորդի կողմից ՀՀ պետական սահմանը հատելու ուղղակի արգելք ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ»։
Հիշեցնենք, MediaHub–ը դիմել էր նաև ՀՀ Պետական եկամուտների կոմիտե, որտեղից տեղեկացրել էին․ «Հարցը մաքսային ծառայության գործառույթների շրջանակից դուրս է, անհրաժեշտ է դիմել ԱԱԾ Սահմանապահ զորքերի ծառայություն։ Մաքսային հսկողության շրջանակում ամեն դեպքում նման տրանսպորտային միջոց ցամաքային անցման կետերում չի ֆիքսվել»։
Մեզ մնում է միայն հիշեցնել, որ Հայաստանի հետ իբրև թե խաղաղության ձգտող Ադրբեջանը արգելում է «յան» վերջավորությամբ ազգանուն կրող քաղաքացիների մուտքն իր երկիր, և կապ չունի՝ անձը ՌԴ քաղաքացի է, թե աշխարհի որևէ երկրի: Ադրբեջանը հստակ արգելում է հայերի մուտքը, մինչդեռ մենք, փաստորեն, որևէ կերպ դեմ չենք, որ ադրբեջանցիները ժամանեն Հայաստան կամ երթևեկեն մեր պետության տարածքում:
Մարիաննա Արամյան