Ի՞նչ է ակնարկում Թեհրանը 

Ի՞նչ է ակնարկում Թեհրանը 

Իրանական Tasnim գործակալությունը վերլուծել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ ռուսական Առաջին ալիքին տված հարցազրույցը, որտեղ նա հայտարարել էր. «Մենք կողմ ենք Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք, Հայաստանի ղեկավարությունը խոչընդոտում է Սյունիքում հաղորդակցությունների վերաբերյալ վարչապետ Փաշինյանի ստորագրած համաձայնության կատարմանը»։

Գործակալության պատրաստած վերլուծականում հանգամանալից մանրամասնվում է Թեհրանի պաշտոնական՝ բոլորիս հայտնի դիրքորոշումը, որ Իրանը դեմ է, այսպես կոչված, միջանցքային տրամաբանությանը:

Թեհրանի այս դիրքորոշմանը մենք առավելապես սովոր ենք, երբ խոսքը գնում էր Արևմուտքի «միջանցքային» նախաձեռնություններից, Ռուսաստանի հետ կապված նման կոշտ դիրքորոշում Թեհրանից հաճախ չի հնչում:

Tasnim-ի հրապարակման մեջ ուշագրավ մի պարբերություն կա. «...երբ Ռուսաստանը պատերազմում էր Ուկրաինայի հետ, ամերիկացիները ցանկություն հայտնեցին ճանապարհ բացել Հարավային Կովկասում։ Իսկ ԻԻՀ-ն միայնակ դիմակայեց ՆԱՏՕ-ին և Ամերիկային։ Ինչո՞ւ է հենց հիմա Ռուսաստանը հայտարարում այդ մասին, երբ Իրանը հայտնել է իր հստակ դիրքորոշումը, որն ընդունում են կողմերը։ Իրապես զարմանք է առաջացնում այս հարցը»:

Ի՞նչ է ակնարկում Թեհրանը. արդյո՞ք Մոսկվային ուղղված հիշեցում է այն մասին, որ Իրանը տարածաշրջանում նաև Ռուսաստանի շահերն է պաշտպանել՝ զսպելով Արևմուտքին, և եկել է ինչ-որ բան հատուցելու ժամանակը: Կամ գուցե Թեհրանում դժգոհ են ռուս-թուրքական ինչ-որ համաձայնություններից և ակնարկում են, որ իրենց «խաղից դուրս» չդնեն:

Արդյո՞ք ճգնաժամ կա ռուս-իրանական հարաբերություններում, թե՞ Թեհրանը մեծացնում է խաղադրույքը՝ ռուս-իրանական ռազմավարական համագործակցության պայմանագրի ստորագրումից առաջ:

Վահրամ Բագրատյան