Հայաստանը ԵԱՏՄ–ից դուրս չի գա. ինչպիսի՞ն են հայ–ռուսական հարաբերություններն ըստ ՌԴ պաշտոնյաների  

Հայաստանը ԵԱՏՄ–ից դուրս չի գա. ինչպիսի՞ն են հայ–ռուսական հարաբերություններն ըստ ՌԴ պաշտոնյաների  

Հայ–ռուսական հարաբերությունների դինամիկան վերջին շրջանում հարթ չէ, այս ամենն ուղեկցվում է ՀԱՊԿ–ում ՀՀ անդամակցությունը սառեցնելու և կազմակերպությունից դուրս գալու հավանականությունը չբացառելու, ԵՄ–ին անդամակցելուն պատրաստակամության և այդ դեպքում անխուսափելիորեն ԵԱՏՄ–ից դուրս գալու մասին հայտարարություններով։ 

Ինչպիսի՞ն են հայ–ռուսական հարաբերություններն այս պահին․ «Եվրասիա ավանդական արժեքների տարածք» միջազգային ֆորումի շրջանակում MediaHub-ի այս հարցադրմանը պատասխանեցին թե՛ ՌԴ կրթության նախարարը, թե՛ ՌԴ Պետական դումայի նախագահի տեղակալը։

«Շատ դրական, հատկապես մարդկանց միջև»,– այսպես պատասխանեց ՌԴ կրթության նախարար Սերգեյ Կրավցովը:

«Ես բազմիցս եղել եմ Հայաստանում։ Շատ կարգապահ մարդիկ, շատ սրտացավ մարդիկ: Ուստի, չնայած քաղաքական ցանկացած տուրբուլենտության, ես վստահ եմ, որ մեր հարաբերությունները կզարգանան»,– նշեց ռուս նախարարը։

Հարցին, թե արդյո՞ք հնարավոր է հայ–ռուսական հարաբերությունները վերադառնան այն մակարդակին, ինչպիսին եղել են մինչև 2018 թվականը, ՌԴ Պետդումայի նախագահի տեղակալ Բորիս Չերնիշովը բավականին լավատեսական պատասխան տվեց․ «Գուցե ավելի լավ լինի։ Մոտ ապագայում ավելի լավ կլինի, ես դրանում կասկած չունեմ, քանի որ այսօր Հայաստանի բոլոր քաղաքներում մեծ թվով մարդիկ պահանջում և ցանկանում են, որ բարիդրացիական հարաբերությունները, բարեկամական շփումները և, իհարկե, տնտեսական համագործակցությունը զարգանան»։

Ըստ Պետդումայի փոխնախագահի՝ Հայաստանը ԵԱՏՄ–ից դուրս չի գա։ «Հայաստանի համար ավելի վատ է լինելու։ «Конечно, можно на зло маме отморозить уши, но это нерационально»,– հավելեց նա։

Մարիաննա Արամյան