Պաշտոնականը մեր տեսածն ու լսածն է, իշխանությունը մոլորեցնում է մարդկանց․ Ադրբեջանը գիշերը խախտել է հրադադարը

«Արդեն ասելու բան էլ չկա, կրակում են ամեն օր». այսպես են մեկնաբանում սահմանի մարդիկ՝ գիշերն ադրբեջանական դիրքերից հրադադարի ամենօրյա խախտումների մասով։
«Արդեն անտարբեր ենք դարձել, հարմարվել ենք։ Առաջ գոնե դուրս էինք գալիս հաշվում, հիմա էդ էլ չենք անում»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի բնակչուհին։
Մարտի 20-ից սկսված կրակոցներն արդեն մեկ ամիս է՝ չեն դադարում։ Ադրբեջանական դիրքերից կրակում են տների ուղղությամբ։ Խոզնավարցի մեր զրուցակիցը հիշեցնում է, որ բնակելի մի քանի տան տանիքներ են վնասվել, մեկ այլ բնակարանում գնդակը հայտնվել է տան մեջ, կրակել են գյուղի Մշակույթի տան ուղղությամբ, հետքերն առկա են։ Լուսարձակներով կրակում են գյուղի խաչի վրա։
«Հոգնել ենք էս անորոշությունից, չգիտենք՝ ինչ անենք, ամեն երեկո կրակում են ու կյանքը կանգ է առնում, բոլորս մտնում ենք մեր տները, աշխատում ենք լուսամուտների մոտ չկանգնել, որ հանկարծ մի բան չլինի»,- ասում է նա։
MediaHub-ը կապ հաստատեց նաև Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ։ Այստեղ ևս վիճակը նույնն է։
«Անցած գիշեր 2 անգամ կարճ կրակահերթ է եղել։ Կրակոցները լսվել են մեր տնից։ Մեր տան առաջին հարկն ապաստարան ենք դարձրել, եթե ինչ՝ կիջնենք ընդեղ։ Դե վախեցնում են, չգիտեմ՝ ուզածներն ինչ ա, բայց եթե նախկինում մեկ-մեկ էին կրակում, հիմա արդեն դարձել է ամենօրյա։ Վախենում ենք, բա ինչ ենք անում, երեխաների համար ենք անհանգստանում»,- ասում է Մովսեսի բնակիչը։
Մեր այն դիտարկմանը, որ ՀՀ իշխանություններն ասում են՝ «կրակահերթերը թիրախային չեն», մեր զրուցակիցը շեշտեց՝ սահմաներձ բնակավայրերում ապրող մարդկանց չեն հետաքրքրում պաշտոնական հայտարարությունները։
«Պաշտոնականը մեր տեսածն ու լսածն է, մնացածը սուտ է, իշխանությունը սուտ է խոսում, մոլորեցնում են մարդկանց»,- հավելեց մեր զրուցակիցը։
Հունան Թադևոսյան