Դրվում են վերնագրեր, որոնք ամբողջապես խեղաթյուրում են իմ ասածը․ Արարատ Միրզոյանը՝ լրագրողներն
Այսօր Ազգային ժողովում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը լրագրողներին ասաց, որ խուսափում է լրագրողների հետ շփումից, քանի որ դրվում են վերնագրեր, որոնք ամբողջապես խեղաթյուրում են իր ասածը։
«Երբ որ նման հարցերը, ցավոք սրտի, լրագրողների կողմից՝ ոչ բոլոր, չունեն ընկալում, որ սերտորեն առնչվում են ոչ միայն Արարատ Միրզոյան անհատի, այլև մեր ազգի անվտանգության հետ կամ գիտակցելով խեղաթյուրվում են, ներեցեք, ես խուսափում եմ ձեր հետ շփումներից»,- ասաց Միրզոյանը և հեռացավ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արարատ Միրզոյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանի կողմից ՀՀ-ին ներկայացված 5 առաջարկություններին, ասել է, որ Ադրբեջանի կողմից մեզ փոխանցված առաջարկներում մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա։
«Մեր դիրքորոշումը այն է, որ մեզ փոխանցված ադրբեջանական առաջարկներում մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա։ Այլ բան է, որ այդ հարցերը ամբողջապես չեն հասցեագրում ՀՀ–Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգը։ Մեր պատասխաններում սկզբունքային ենք համարում ԼՂ հայության իրավունքները և ԼՂ կարգավիճակի հասցեագրումը»,- ասաց Միրզոյանը։
Արարատ Միրզոյանը նշեց, որ այս հենքի վրա պատրաստ են սկսել բանակցությունները Ադրբեջանի հետ։