Բացի ՌԴ-ից, որեւէ մեկը Լաչինի միջանցքում վերահոսկողություն չպետք է իրականացնի. Փաշինյան

Ադրբեջանի ջանքերը՝ ԼՂ-ն վերածել հայության նոր կառափնարանի, պետք է կասեցվեն եւ սրա միակ հուսալի ճանապարհը միջազգային լայն մանդատ կրող ներկայացուցիչների ներկայությունն է ԼՂ-ում․ MediaHub-ի հաղորդմամբ՝ այս մասին Կառավարության նիստի մեկնարկին այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ 

Նրա խոսքով՝ առաջին քայլը պետք է լինի Լաչինի միջանցք եւ Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք հրատապ առաքելության գործուղումը։ 

«Մեզնից եւ միջազգային հանրությունից պահանջվում է կոնկրետ եւ անկեղծ ջանքեր՝ իրադրության հետագա լարում թույլ չտալու եւ համապարփակ կարգավորման հասնելու համար։ ՀՀ-ն շարունակելու է այս ուղղությամբ բոլոր հնարավոր ջանքերի գործադրումը, բայց այդ ջանքերին զուգահեռ ամեն օրվա հետ ավելի ու ավելի է անհրաժեշտ դառնում Լեռնային Ղարաբաղում եւ Լաչինի միջանցքում ավելի լայն միջազգային ներկայությունը»,-նշեց նա։  

Անդրադառնալով Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից ապօրինի անցակետ տեղադրելուն, Փաշինյանն ասաց, որ բացի Ռուսաստանի Դաշնությունից, որեւէ մեկը Լաչինի միջանցքում վերահոսկողություն չպետք է իրականացնի, Ադրբեջանը չպետք է խոչընդոտի միջանցքով ազատ երթեւեկությունը, ինչն ամրագրված է 2020թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։ 

«ԼՂ-ի հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է դառնան Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ բանակցությունների առարկա՝ միջազգային ֆորմատի շրջանակներում»,-ասաց նա։

Խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքվող հնարավոր «խաղաղության պայմանագրից»՝ Փաշինյանը նշեց, որ  այն պետք է ունենա իրագործման երաշխիքների եւ վեճերի լուծման մեխանիզմների հասկանալի եւ գործուն համակարգ։ 

«Հստակ պետք է արձանագրված լինեն սահմանների դելիմիտացիայի պարամետրերը եւ որեւէ էսկալացիա բացառելու հստակ մեխանիզմներ պետք է ներդրվեն»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում