Զինվորական կացարաններում տարրական պայմաններ ապահովված են․ ՔՊ-ական պատգամավոր

Զինված ուժերում շրջադարձային փոփոխությունները սկսվել են։

Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Որպես օրինակ պատգամավորը ներկայացրեց կադրային սպաներ ունենալու խնդիրը լուծելու համար ՌՈւՀ-երում իրականացված փոփոխությունները։

«Բացի այդ, հնարավորություն է տրվել, որ ժամկետային զինծառայողները վեց ամիս ծառայելուց հետո կարող են պայմանագիր կնքել ու հինգ տարի ժամկետով ծառայել։ Դրանից հետո էլ հինգ միլիոն պարգևավճար կստանան»,- նշեց պատգամավորը։

Ըստ Խաչատրյանի՝ իրենք առաջարկել են նաև, որ ատեստավորվող սպաները կրկնակի բարձր աշխատավարձ ստանան։

Դիտարկմանը, որ այդ բարեփոխումների ֆոնին մենք ականատես եղանք ցավալի դեպքի, երբ զինվորական կացարանում բռնկված հրդեհից 15 զինծառայող զոհվեց, Արմեն Խաչատրյանն արձագանքեց՝  44-օրյա պատերազմից հետո էլ ռազմական գործողություններ են եղել, զորքերի  տեղակայման վայրեր են փոխվել, ինժեներական կառույցներ ստեղծելու կարիք է առաջացել։

«Տարրական պայմաններ ապահովված են, բայց ինչքան էլ դրանք լինեն, եթե հինգ լիտրանոց տարայով բենզին են լցնում կրակի վրա, որևէ անվտանգային պայման չէր կարող լինել, որ վնասներ չառաջանային»,- կարծիք հայտնեց Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։