Ջալալ Հարությունյանը կգա ԱԺ՝ պատերազմի մասին հարցերի պատասխանելու․ Անդրանիկ Քոչարյան

44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի ստեղծումից հետո անմիջապես որոշվել է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է գա ու պատասխանի պատգամավորների հարցերին, սակայն, դեռևս նրան պաշտոնական հրավեր չենք ուղարկել։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ ըստ հերթականության է ուղարկվելու հրավերը, ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանից հետո Ջալալ Հարությունյանի հետ է ինքը զրուցել, և հիմա իրականացվելու է հանձնաժողովի ու ՊԲ նախկին հրամանատարի հանդիպումը։

«Չասեմ՝ ինչ ձևաչափով ենք աշխատանքն իրականացնելու։ Պատահական չէ պաշտոնյաների ընտրության հերթականությունը։ Ջալալ Հարությունյանը տվել է համաձայնություն, և գալու է ԱԺ»,- նշեց նա։

Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ այս հարթակից պետք է օգտվել, չօգտվելն «ախմախություն է»։

«Այստեղ կարող են հնչել հարցեր, որոնք այլ տեղում չեն հնչի։ Օնիկ Գասպարյանն էլ եկավ, 11 ժամ խոսեց ու այնպիսի բաներ պատմեց, որոնք կօգնեն՝ չպարզաբանված որևէ հարց չունենալ»,- ասաց նա։

ՔՊ-ական պատգամավորը նշեց՝ բաց հանդիպումներ էլ կարող է լինեն։

«Այսօրվա քննարկման ժամանակ էլ որոշակի դրվագներ հնչեցվեցին»,- նկատեց Քոչարյանը։

Նա պատմեց, որ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին լսելու ցանկություն էլ է եղել, դեռ ավելի վաղ, քան Ջալալ Հարությունյանին, պարզապես պարոն Տոնոյանը վերապահում ունի։

«Վիլեն Գաբրիելյանին խնդրել եմ, որ հրավիրի պարոն Տոնոյանին։ Հրավերներ ենք ուղարկել նաև Տիրան Խաչատրյանին, Մովսես Հակոբյանին, որի դռներն այնքան շատ են՝ բոլոր հասցեներով ուղարկել եմ հրավեր»,- ասաց Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։