Տղամարդիկ աշխատավայրում կանանցից ավելի հաճախ են սիրախաղեր անում պաշտոնի բարձրացման համար․ ուսումնասիրություն

Տղամարդիկ աշխատավայրում կանանցից ավելի հաճախ են սիրախաղեր անում պաշտոնի բարձրացման համար, եւ նրանց թվում ամենաակտիվը ինքնասիրահարված եւ անինքնավստահ աշխատակիցներն են ցածր պաշտոններում: Մի շարք փորձարկումներից հետո նման եզրակացության են եկել Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները, գրում է News.am-ը:
Տղամարդ ենթակաները սեքսուալ ակնարկներ են անում իրենց ղեկավարներին եւ նույնիսկ սիրահետում են նրանց՝ ավելի հզոր եւ ազդեցիկ երեւալու համար:
Սոցիալական իշխանության վերաբերյալ նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ ենթակա պաշտոններ զբաղեցնող կանայք ավելի են հակված ֆլիրտի աշխատավայրում: Հոգեբան Լորա Քրեյը դա կապում է հին գենդերային կարծրատիպերի հետ:
«Այս ոլորտում գրականության մեծ մասը նվիրված է իշխանություն ունեցող տղամարդկանց: Բայց մենք հերքել ենք այն առասպելը, որ կանայք են հիմնականում սոցիալական սեռական վարքագիծ դրսեւորում: Իրականում, այն ավելի հաճախ դրսեւորում են այն տղամարդիկ, ովքեր վստահ չեն աշխատանքի իրենց դերին, նույնիսկ եթե գիտեն, որ դա վիրավորում է կանանց: Այլ կերպ ասած, դա ձգտում է ավելի շատ իշխանության, այլ ոչ թե այն պահելու ցանկություն»,- ասել է Քրեյը: