Ադրբեջանը կրակում է, իսկ ՔՊ-ն շարունակում է «սպիտակ աղավնիներ» թռցնել

Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսկներից կրակ են բացել հարավարևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ և Զինված ուժերի պատասխան գործողություններով՝ ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Հայկական կողմում կորուստներ չկան: Այդ մասին հայտարարել է ՀՀ ՊՆ-ն:
Փաշինյանի «խաղաղության» դարաշրջանում Ադրբեջանի զինուժը շարունակում է թիրախավորել հայ զինվորներին և հայկական բնակավայրերը: Ադրբեջանի համար խաղաղությունը՝ հայկական պետության և հայ ազգի ոչնչացումն է և Թուրքիայի հետ միասնական պետության ստեղծումը:
ՔՊ-ն շարունակում է «սպիտակ աղավնիներ» թռցնել` այն պարագայում, երբ թուրք-ադրբեջանական «գայլերը» պատրաստվում են վերջնականապես հոշոտել հայ ժողովրդին: Բանակը շարունակում է մնալ կազմաքանդված վիճակում, պատմության ուսուցիչ Սուրեն Պապիկյանի ղեկավարությամբ, տնտեսական որևէ լուրջ ծրագիր չկա՝ «օպտիմիստ» էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ժամանակ առ ժամանակ ինչ-որ թվեր է ներկայացնում, հավանաբար եվրոպական որևէ երկրի տնտեսության մասին:
ՔՊ֊ն սոցիալ-տնտեսական աղետ է բերել յուրաքանչյուր հայկական ընտանիք. ՀՀ քաղաքացիները հազարներներով զոհվել և հաշմանդամ են դարձել 44-օրյա պատերազմում, հազարավորներն այսօր արտագաղթում են, քանի որ ապագա չեն տեսնում նիկոլական Հայաստանում:
Անկարան և Բաքուն տեսնում են ՀՀ իշխանությունների թուլությունն ու անկարողությունը որևէ ոլորտ կառավարելու, առավել ևս անվտանգություն և պաշտպանություն ամրապնդելու, և շարունակելու են նորանոր տարածքներ գրավել հայկական կողմից:
Հայակործան այս սցենարը հնարավոր է կանխել միայն համազգային և ՀՀ առողջ քաղաքական ուժերի համատեղ պայքարի միջոցով։ ՔՊ-ն չունի իրական իշխանություն՝ Փաշինյանն ու թիմը դեռ իշխանության են նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթուղթը մինչև վերջ կյանքի կոչելու համար, ինչից հետո նրանց մասին հայ ազգն այլևս երբեք չի լսելու և նրանց երբեք ՀՀ-ում չի տեսնելու:
Վահրամ Բագրատյան