«Արեգն իր ծնունդով ստիպեց ինձ ապրել…»․ փոքրիկի հայրն ու հորեղբայրը զոհվել են զինադադարի օրը

«Արեգն իր ծնունդով ստիպեց ինձ ապրել…»․ փոքրիկի հայրն ու հորեղբայրը զոհվել են զինադադարի օրը

«Փոքր տղաս, որ Արեգ ենք կոչել, իսկական արեգակ է։ Ես չեմ պատկերացնում այդ օրերն ինչպես կհաղթահարեի, բայց Արեգն իր ծնունդով ստիպեց ինձ ապրել, նա վերածնված Վանիկն է»,- MediaHub-ի հետ զրույցում  ասում է Արփինե Բալայանը՝ պատմելով իր ընտանիքի չբուժվող, չսպիացող ցավը։ 

2020 թվականի 44-օրյա պատերազմի վերջին օրը Արփինեն կորցրեց ամուսնուն՝ Վանիկ Բաբայանին, մի քանի ժամ անց Մարտունիում անմահացավ նաև տեգրը՝ Վահագն Բաբայանը։

Բաբայան եղբայրները ծնունդով Տեղ գյուղից են։ Վերաբնակեցման ծրագրով ապրում էին Քաշաթաղում։ Վանիկն ու Արփինեն ամուսնացել ու ապրում էին Բերձորում։ Առաջնեկի՝ Վահանի ծնունդով ընտանիքն ավելի ամրապնդվեց։ Արփինեն ասում է, որ երջանիկ էր ունեցածով, ավելին պետք չէր, քան ունեցածը պինդ պահելը։ 

«Որոշեցինք 2-րդ բալիկին ունենալ։ Մի քիչ խնդիրներ եղան, բուժումների փուլ անցա։ Երբ ամեն ինչ հաղթահարվեց՝ հղիացա։ Իմացանք, որ նորից տղա եմ ունենալու։ Վանիկը Վահանի հետ շատ կապված էր, բայց այնպես անհամբերությամբ էր սպասում երկրորդին, որ նույնիսկ անունն էինք նախապես որոշել։ Մեծ տղաս որոշեց Արեգ, մենք էլ համաձայնվեցինք»,- երջանիկ օրերը վերհիշելիս մերթընդմերթ ժպտում է Արփինեն։

Մեր զրուցակցի մանկությունն էլ հարթ չի անցել։ Հայրը՝ Կամո Բալայանը, առաջին պատերազմի մասնակից էր։ Ինքը շատ փոքր էր, երբ իր մորը մի օր հասցրեցին հոր զոհվելու գույժը։ «Մայրս մեզ մեծացնելու ճանապարհին շատ զրկանքներ է տեսել։ Հիմա ես բոլորից լավ եմ հասկանում և՛ անհայր մեծացած երեխաներին, և՛ ամուսին կորցրած կանանց»,- ասում է նա։ 

2020-ի սեպտեմբերի 27-ին Արփինեն Գորիսի հիվանդանոցում էր, հերթական ստուգմանն էր գնացել, երբ Վանիկը զանգել ու ասել է, որ գնում է Ստեփանակերտ եղբոր՝ Վահագնի ընտանիքը տարհանելու։ «Ասացի՝ «բայց ի՞նչ է եղել», ասաց, որ «պատերազմը սկսվել է»։ Զանգեցի մորս, եղբայրներիս, ովքեր Արցախում էին, ասացին՝ «կռիվ է, դու էլ հետ չգաս, մնա այդտեղ»։ Բայց Վանիկը եկավ իմ հետևից, ինձ թողեց Բերձորում, ինքը ճանապարհվեց Ստեփանակերտ»։

Կարճ ժամանակահատվածում թշնամու հրթիռները հասան նաև Բերձոր։ Հոկտեմբերի առաջին տասնօրյակում Հադրութի շրջանը, այդ թվում և Արփինեի հայրական գյուղը՝ Տումին, անցավ թշնամու հսկողության տակ։ Իրավիճակն ահագնանալուն զուգահեռ ընտանիքով տեղափոխվել են Գորիս։

«Վանիկը տարիներ առաջ վթարի էր ենթարկվել, առողջական խնդիրների պատճառով նա ազատված էր պատերազմական գործողություններին մասնակցելու հրամանից։ Բայց չկարողացանք հակառակը համոզել, որոշել էր գնալ, ու գնաց։ Մեզ թողեց իր մորաքրոջ տանը, ասաց՝ «Արփինեին լավ կպահեք, ես կամավորագրվել եմ, պիտի գնամ»։ Հետո եմ իմացել, որ նա դիրքերում տղաներին հաց էր հասցնում, բազմաթիվ ընտանիքների տարհանում կազմակերպում։ Միշտ կապի մեջ ենք եղել, իսկ ինքը միշտ ասում էր՝ «լավ եմ, ամեն ինչ լավ կլինի, չմտածես, քո մասին հոգ տար, հղի ես»»,- հիշում է Արփինեն։ 

Վանիկի ու Վահագնի եղբայրը մշտապես զանգահարել է տղաներին, վերջիններս միշտ վստահեցրել են, որ իրենց հետ ամեն ինչ կարգին է։ Չնայած այն բանի, որ Արցախից եկող լուրերն այնքան հուսադրող չէին, բայց իրենց համար կարևոր էր հարազատների ձայնը լսելը։ 

«Նոյեմբերի սկզբին իմացանք Շուշիի անկման մասին։ Տեգրս ասաց, որ զանգել է տղաներին ու ահավոր ձայներ է լսել, հարմար չի եղել, որ երկար խոսեն, խառն էր։ Իմ հարազատ եղբայրներն էլ Վանիկի հետ էին, թեժ կետերում, երբ Վանիկն անհասանելի էր լինում, իրենց էի զանգում։ Եկավ նոյեմբերի 9-ը։ Զանգերիս ոչ ոք չէր պատասխանում։ Ում հարցնում էի, ոչինչ չէին ասում։ Այդ ժամանակ սիրտս արագ սկսեց բաբախել, մի ներքին տագնապ խեղդում էր ինձ։ Հետո եղբայրս զանգեց, հարցնում էի Վանիկից, հստակ ոչինչ չէր ասում։ Հետո թե, «Արփին, դու պիտի ուժեղ լինես, ինչ էլ լինի, չհանձնվես, Վանիկը շատ էր ուզում, որ այդ երեխան ծնվի, այնպես արա, որ երեխային չկորցնես»։ Այդ ժամանակ հասկացա, որ ինձանից բան են թաքցնում, մտա սենյակ մայրս լաց էր լինում, հասկացա, որ ամուսնուս կորցրել եմ»։ 

Վանիկ Բաբայանն ադրբեջանցիների արձակած հրթիռից զոհվել է զինադադարից ժամեր առաջ: Ընտանիքը դեռ չէր հասցրել ընդունել իրականությունը, երբ նոյեմբերի 9-ի գիշերը՝ հրադադարից հետո, Մարտունու շրջանում անմահանում է Վանիկի հարազատ եղբայրը՝ 30-ամյա Վահագն Բաբայանը։

«Չնայած հրադադար էր, բայց ադրբեջանցիները ժամեր շարունակ օդային ու հեռահար հարվածներ են հասցրել Մարտունու դիրքերին։ Հրետակոծության ժամանակ անձնակազմը հայտնվել է հողի տակ։ Վահագն էլ զոհվեց։ Շնորհիվ իր փայլուն մարտական գործողությունների, նրան պատերազմի ընթացքում փոխգնդապետի կոչում էին շնորհել։ Բայց վերջին օրը, վերջին րոպեներին կրկնակի հարված հասցվեց մեր ընտանիքին»,- վշտանում է երիտասարդ կինը։ 

Բաբայան եղբայրները հուղարկավորվել են Գորիսի զինվորական պանթեոնում։ Նոյեմբերի 30-ին Արփինեն լույս աշխարհ է բերել Արեգին։ Նորածին տղան մինչ օրս ստիպում է մորը, որ երբեք չհուսահատվի։

«Ես ուժ ստանում եմ իմ երեխաների աչքերից։ Երբեք նրանց մոտ չեմ լացում, ուզում եմ ուժեղ մեծանան, իմ լացից չկոտրվեն։ Հոր ու հորեղբոր մահից հետո Վահանս շատ է փոխվել, իսկ Արեգս, որ ծնվել է հոր զոհվելուց հետո, նկարին է նայում, ասում՝ «պապան ա», հետո՝ գրկում»,- եզրափակեց Արփինե Բալայանը։ 

Հունան Թադևոսյան