Հայկական օրակարգը երեք հարթություն ունի․ Արմեն Գևորգյան (տեսանյութ)

Ցավոք, այսօր ամենամեծ ռիսկերից մեկն այն է, որ մենք կենտրոնացված ենք միայն այսօրվա խնդիրների վրա։ Այդ մասին այսօր «Հայկական օրակարգ. հետպատերազմյան Հայաստան, ՀՀ ներքին մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։ Նրա խոսքով՝ հայկական օրակարգն ավելի շատ միտված է ապագային։
«Ինձ համար հայկական օրակարգն ունի երեք հարթություն, որոնցից ամեն մեկն ունի իր բարդությունը։ Առաջին հարթությունը ներպետականն է, երկրորդը` համահայկականն է, երբ խնդիրները տարածվում են ամբողջ հայկական աշխարհի, ընդհուպ՝ Սփյուռքի վրա, և երրորդը՝ աշխարհաքաղաքական հարթությունը»,- նշեց Արմեն Գևորգյանը։
Ըստ նրա՝ այս երեք հարթություններից ամեն մեկն իր տրամաբանությունն ունի, բայց երկու հիմնական օբյեկտ կա, որ այդ հարթության մեջ ենթակա է լուրջ քննարկման՝ ընդհանրապես հայկական պետության որակը և հանրային հարաբերությունների բնույթը։
«Դրանք մինչև վերջ չհասկացված են, և դրա մասին են վկայում վերջին սոցիոլոգիական հարցումները, երբ մեր հանրությունը տարբեր վախերով, սպասումներով ու ակնկալիքներով է ապրում»,- նկատեց Արմեն Գևորգյանը։
Պատգամավորի դիտարկմամբ՝ հայկական օրակարգի այս երեք հարթություններում կան տարբեր հատման կետեր։
«Հայ-թուրքական հարաբերություններն, օրինակ, ունեն թե՛ ներպետական, թե՛ համահայկական և թե՛ աշխարհաքաղաքական նշանակություն։ Բայց պետք է հաշվի առնենք, որ հանրությունը երբեմն այդ հարցի կարևորությունը կարող է չընդունել, քանի որ այս պահին ավելի նյութական խնդիրներ կան»,- ասաց նա։
Խոսելով առկա ռիսկերի մասին՝ Արմեն Գևորգյանն առանձնացրեց երեքը՝ հանրության՝ նախկին-ներկա մոտեցման գերի դառնալը, համազգային ռեսուրսների ոչ ճիշտ գնահատումը և կոնսենսուսի բացակայությունը։