Ջերմուկի ուղղությամբ ներթափանցած ադրբեջանական որոշ խմբեր դեռ շարունակում են մնալ այնտեղ․ Խաչատրյան

Ո՞ր մասն էր ձեր համար նորություն։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀԺ-ում հրապարակված հինգ կետերին, որոնք ներկայացված են որպես Ադրբեջանի պահանջներ։
Նրա խոսքով՝ այս պահին հարաբերական անդորր է, մեկ-մեկ լինում են սադրանքներ։
«Թշնամին փորձելու է իր օրակարգն առաջ տանել՝ կլինի միջանցքի տեսքով, այլ հարցով»,- նշեց նա։
Հարցին, թե իշխանությունն ինչ է անում, որ Ադրբեջանի պահանջները իրականություն չդառնան, պատգամավորը պատասխանեց՝ հերթով չի հրապարակելու, թե ինչ են անում, դա նպատակահարմար չէ։ «Գործողությունները բազմաբնույթ ու բազմաշերտ են, ինչի մասին պարբերաբար կառավարությունը տեղեկություն տալիս է»,- նշեց նա։
Հարցին, թե ինչու դիրքերը նորմալ չեն կահավորվում, ինչո՞ւ է մինչև հիմա զինվորը խոնավ հողով խրամատում, Արմեն Խաչատրյանն արձագանքեց հարցով՝ իսկ դուք բանակում ծառայե՞լ եք։ Արձագանքին, որ դա որևէ կապ չունի, Խաչատրյանը հակադարձեց, թե խրամատը հողից է, ոչ թե փայտից ու փափուկ ծածկոցներից։
«Թշնամին էլ է հողից ու բետոնից խրամատում ծառայություն իրականացնում»,- նշեց նա։ Դիտարկմանը, որ մենք անգամ բնագիծ չունենք, Խաչատրյանը պատասխանեց՝ ի՞նչ գիտեք։
«Այո՛, Արցախում երկրորդ, երրորդ շերտ բնագծեր չեն եղել, իսկ պատերազմից հետո բնագծեր նոր են սկսել կառուցվել, քանի որ սահմանները մեծացել են։ Ասում եմ, գործեր արվել են»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ պատերազմի ժամանակ ամեն ինչ կարող է լինել, երբեմն դիրքեր են զիջվում ու զբաղեցվում՝ ելնելով անհրաժեշտությունից։ «Այն վայրերում չկան ճանապարհներ ու դիրքերում սնուցումն այլ ճանապարհով է լինում»,- նշեց նա։ Մեկ այլ հարցի, թե ինչպե՞ս ստացվեց, որ թշնամին Իշխանասարում հայ գերիներին գնդակահարեց, Խաչատրյանը պատասխանեց՝ անհամաչափ ուժերի արդյունքում։
Ինչ վերաբերում է Ջերմուկում շրջափակման մեջ գտնվող ադրբեջանցիներին, նրանց «որպիսությանը», ապա պատգամավորը նշեց, որ պետք է հենց նրանց հետ կապ հաստատել։ «Չեմ կարող ասել՝ սովածացե՞լ են, թե՞՝ ոչ։ Ջերմուկի հատվածում, որտեղ ներթափանցել են, այդ դիրքերն էլ զբաղեցնում են։ Մենք էլ քայլեր ենք անում, որ օկուպացված տարածքներն իրենք լքեն»,- նկատեց նա։