Ամեն օր էլ uադրում են, բախտu բերեց, այս անգամ նկարել են. ի՞նչ է պատրաստվում անել Լեո Նիկոլյանը 

Ամեն օր էլ uադրում են, բախտu բերեց, այս անգամ նկարել են. ի՞նչ է պատրաստվում անել Լեո Նիկոլյանը 

Երեկ համացանցում տարածվեց մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում Հայաստանի գործող իշխանությունները արգելել են մուտք գործել ՀՀ, և ով «Զվարթնոց» օդանավակայանում տևական ժամանակ հացադուլ է անում առողջական ծանր վիճակում, բռնության է ենթարկվում հենց օդանավակայանի աշխատակիցների կողմից։

Տեսանյութում երևում է, որ ֆրանսահայ լրագրողն ընկնում է աշխատակիցների հրելու հետևանքով։

MediaHub-ը կապ հաստատեց ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի հետ և պարզեց, որ սա առաջին դեպքը չէ, և օդանավակայանի աշխատակիցների կողմից այս ամենը տեղի է ունենում ամեն օր։ 

«Ամեն օր օդանավակայանի աշխատակիցները այդպիսի բան են անում, ուղղակի ես չեմ կարող նկարել, սակայն, երեկ բախտս բերեց, և ուղևորներից մեկը նկարել էր։ Մինչ այս ով նկարում էր, անվտանգությունը ստիպում էր ջնջել հեռախոսից և ասում, որ չի կարելի նկարել»,- ասաց Նիկոլյանը։

Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրողը նշեց, որ բացի այն, որ օդանավակայանի աշխատակիցներն են սադրում, մի քանի օր առաջ ԱՄՆ մի քաղաքացի է եկել, հարվածել ու ծեծել իրեն: Ասաց, որ օդանավակայանի անվտանգության աշխատակիցները նրան բռնել են ու բերման ենթարկել: Ընդ որում, այդ անձը փորձ է կատարել գողություն անել Նիկոլյանի ճամպրուկներից։

«Հետո ինքը, ազատության մեջ գտնվելով, կրկին տոմս է գնել ու եկել է երեկ օդանավակայան, ես նստած էի ՆԳՆ-ի գրասենյակի աշխատակիցների հետ, երբ նա մոտիկացավ և նորից «բոքսեց», բերանս ջարդեց: Կրկին անվտանգությունը նրան բռնեց, կրկին տարել են Ոստիկանություն»,- փոխանցեց Նիկոլյանը։

Մեր զրուցակիցը նշեց՝ այս ամենը անում են, որ դադարեցնի հացադուլը և վերադառնա Ֆրանսիա։ Ավելացրեց, որ անգամ «Կառավարությունից մարդ էր եկել և գումար էր առաջարկել, որ հացադուլին վերջ տամ ու գնամ Ֆրանսիա»։

«Առաջին շաբաթից եկել, զրուցում էին իմ հետ ՀՀ Կառավարությունից, առաջարկ են անում, ապա տեսան, որ արտասահմանի մամուլում նույնպես աղմուկ է բարձրացրել իմ հացադուլը, սկզբից առաջարկեցին 1 միլիոն դոլար, ապա՝ 3 միլիոն դոլար, երեկ էլ առաջարկել են 5 միլիոն եվրո, որ վերջ տամ հացադուլին և վերադառնամ Ֆրանսիա, սակայն ես մերժել եմ և մերժելու եմ մինչև վերջ»,– պնդեց Նիկոլյանը։

Բացի այս, շարունակեց Նիկոլյանը, իրեն զանգահարել են նաև Ֆրանսիայից և ասել, որ Նիկոլյանը պետք է ամեն օր ստանա 200 եվրո՝ հացի և հյուրանոցի համար, սակայն Հայաստանի օդանավակայանում չկա հյուրանոց։ Ու քանի որ ոչ մի 200 եվրո էլ չի ստացել, հաշիվ են բացել, որպեսզի նա կարողանա ամեն օր օդանավակայանի սրճարանում 6000 դրամի սահմանում ջուր խմել և այլն։

Մեր հարցին, թե երեկվա միջադեպից հետո իր հետ պատկան մարմիններից կապ հաստատե՞լ են, հացադուլ անող Նիկոլյանն ասաց, որ այսքան ժամանակ ընդամենը երկու անգամ ՄԻՊ-ի աշխատակիցներն են իրեն այցելել, զրուցել, և ինքը փոխանցել է, որ ցանկանում է անձամբ ՄԻՊ-ին տեսնել։

«Ինչի՞ համար խոսեմ զինվորի հետ, եթե կարող եմ խոսել գեներալի հետ, բայց ՄԻՊ-ը շատ զբաղված է արտասահման գնալով և այլն»,- եզրափակեց նա:

Ինչ վերաբերում է երեկվա միջադեպի հետ կապված հաղորդում ներկայացնելուն, Նիկոլյանն այս պահին հստակ որոշում չունի:

Մարիաննա Արամյան