«Սև ուրբաթ», զեղչեր, թե՞ խաբեություն. ի՞նչ է փոխվել այս տարի

«Սև ուրբաթ», զեղչեր, թե՞ խաբեություն. ի՞նչ է փոխվել այս տարի

«Սև ուրբաթ»-ը վերջին տարիներին սպասված է նաև Հայաստանում: Սակայն որքան այն ուրախալի է մեծաքանակ գնումներ անել ցանկացողների համար, այնքան նաև մտահոգիչ, որովհետև բազմաթիվ են դեպքերը, երբ առևտրի կետերը խաբում են քաղաքացիներին:

Օրինակ, մի քանի օր առաջ ապրանքի գինը բարձրացնում են, որպեսզի ակցիայի օրն իբրև թե իջեցնեն: Եվ այդպիսի մեխանիզմները բազմապիսի են:

««Սև ուրբաթի»  տեսանկյունից այս տարին բացառիկ է լինելու, որովհետև մենք վերջապես օրենք ունենք, որը կարգավորում է ոլորտը»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը` խոսելով «Սև ուրբաթի» զեղչերի և արդեն նախորդ տարի խստացված օրենսդրության պահանջների մասին։ 

Պիպոյանի խոսքով՝ նախորդ տարի ևս կար օրենքը, սակայն տնտեսվարողները գործում էին հին իներցիայով և չէին կարծում, որ պետական վերահսկողություն պետք է լինի։ 

«Այս տարի տրամաբանությունը պետք է հուշի, որ էականորեն տարբեր պատկեր ենք տեսնելու, որովհետև տնտեսվարողը պետք է հասկանա, եթե մեկ անգամ ներվել է և հաջորդն արդեն պատիժ է լինելու»,- ասաց նա։

Պիպոյանը նշեց, որ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքը նվազեցնում է գնի արհեստական տատանումների հնարավորությունը։ 

Նախկինում բիզնեսն ապրանքի գինը բարձրացնում էր, հետո զեղչի անվան տակ դնում էր հին գինը, փորձագետի խոսքով, սա հիմա ևս զսպվում է։ 

«Խնդրի նկատմամբ ուշադրություն կա։ Երբ օրենքը չկար, առանց որևէ խախտման տնտեսավրողը շատ հանգիստ կարող էր հայտարարել մեկ գին, օրինակ՝ ապրանքն ամբողջ ամսվա ընթացքում վաճառվեր 100 հազար դրամով, հետո նոյեմբերի 2-րդ շաբաթն արդեն այն վաճառեին 120 հազարով, մինչև Սեւ ուրբաթին այն կրկին կհասներ 108 հազար դրամի, որը գրավիչ զեղչ է թվում, բայց ակնհայտ խաբեություն է»,- նշեց Պիպոյանը։

Այս ամենը, սակայն, հիմա չի լինի, եթե պատշաճ վերահսկողություն լինի, որովհետև հիմա ապրանքի գինը դիտարկվում է նախորդ ամսվա իրացման միջին գինը։ 

«Օրենքն այսօր բավական լայն լծակներ է տալիս ՄՊՀ–ին, որպեսզի  բոլոր իրավախախտ տնտեսվարողների նկատմամբ համապատասխան պատժամիջոցներ կիրառվեն։ Տնտեսվարողը պարտավոր է իրազեկել, թե հայտարարված ակցիան կոնկրետ որ ապրանքներին է վերաբերում, երբ է մեկնարկում, երբ է ավարտվում: Այստեղ նաև քաղաքացու դերն է մեծ, քանի որ երբ քաղաքացին խախտում է տեսնում, պետք է բարձրաձայնի ու պետությունն արդեն պետք է համապատասխան սանկցիա կիրառի։ Եթե այս շղթան աշխատեց, ապա մենք կունենանք մատների վրա հաշված խախտումներ»։

Պիպոյանը նաև հավելեց, որ այս տարի արձանագրված խախտումները հաջորդող մի քանի օրվա ընթացքում պարզ կդառնան:

Լիաննա Թորոսյան