Առիթը լավն է, բայց քաղաքական հիմքը՝ փտած. Պուտինը կարող էր հայ գերիների հարց լուծել

Առիթը լավն է, բայց քաղաքական հիմքը՝ փտած. Պուտինը կարող էր հայ գերիների հարց լուծել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով մեկնում է Ադրբեջան: Այս մասին այսօր հայտարարել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Հայաստանն ու Ռուսաստանը  ռազմավարական դաշնակիցներ են ու դա փաստ է: Սակայն Հայաստանում 2018 թվականի իշխանափոխությունից հետո դաշնակիցների հարաբերությունները, մեղմ ասած, զրոյական մակարդակի են հասցվել: Խոսքը, մասնավորապես, քաղաքական երկխոսության մասին է, քանի որ տնտեսությունը դեռ լավ վիճակում է՝ ԵԱՏՄ-ին անդամակցությամբ ու նաև ՌԴ դեմ պատժամիջոցները շրջանցելուն օգնելու հանգամանքով պայմանավորված:

Ռուսաստանը, հիշեցնենք, մշտապես ակտիվ դերակատարում է ունեցել Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, Նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության կողմ, և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում կարևոր ու հիմնական միջնորդ: Ի՞նչ կարող էր ակնկալել Հայաստանը այս բարդ փուլում Պուտինի Բաքու այցից, եթե, օրինակ, Նիկոլ Փաշինյանը չլիներ ՀՀ փաստացի ղեկավարը, չլիներ այդքան արկածախնդիր, չվարեր ընդգծված հակառուսական քաղաքականություն, այդքան ջանք ու եռանդ ներդրած չլիներ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները հետևողականորեն փչացնելու ուղղությամբ, Կիևի հետ անիմաստ ու չտրամաբանված «սիլի-բիլիներ» չաներ՝ այն դեպքում, երբ պաշտոնական Կիևը մշտապես Բաքվի հարաբերությունները վեր է դասել ՀՀ հետ հարաբերություններից ու առաջիններից էր, որ շնորհավորեց պատերազմում հաղթելու կապակցությամբ…

Օրինակ, կարո՞ղ էր, չէ, Հայաստանն ակնկալել, որ Վլադիմիր Պուտինը Բաքվում Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը միջնորդի դեր ստանձներ և բարեխոսեր Բաքվում պահվող հայ գերիների, այդ թվում և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման համար: Հատկապես, որ ռուսական կողմի հետ հանդիպումներում հայկական կողմը այս հարցը միշտ բարձրաձայնել է…. համաձայն պաշտոնական հաղորդագրությունների:

Սա, անշուշտ, լիովին տեղավորվում է ՌԴ-Ադրբեջան քաղաքական երկխոսության տրամաբանության մեջ, քանզի, կրկնենք, ՌԴ-ն երեք տասնամյակ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կարևորագույն դերակատար էր: Եվ դա առավել քան տեղավորվում է ՌԴ-ՀՀ քաղաքական հարաբերությունների տրամաբանության մեջ, քանզի Երևանն ու Մոսկվան ռազմավարական դաշնակիցներ են:

Բայց, քանզի ունենք այն, ինչ ունենք՝ Նիկոլ Փաշինյանը վարչապետ, ՔՊ-ականները հակառուսականության ջատագովներ, պատերազմի թեժ օրերին Կիևին հումանիտար օգնություն հասցնող վարչապետի տիկին Աննա Հակոբյան, ուստիև մենք նման ակնկալիքներ չունենք, ավելին՝ չենք էլ փորձի այդ ուղղությամբ մտածել: Թեև, ինչ խոսք, սա լավ առիթ էր, հատկապես, որ նմանատիպ փորձ արդեն եղել է՝ արևմտյան կողմի միջնորդությամբ: 

Հիշեցնենք, 2022 թվականի փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 8 հայ ռազմագերիներ են վերադարձել հայրենիք։

Առիթը լավն է, բայց քաղաքական հիմքը՝ փտած…

 

Լիա Խոջոյան