Ներքին թշնամիներ, դատախազի պատիժներ, հայց նախագահի դեմ, ՄԻՊ-ի բացակայություն․ Մամուլը՝ սուրճով

Ներքին թշնամիներ, դատախազի պատիժներ, հայց նախագահի դեմ, ՄԻՊ-ի բացակայություն․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Կառավարության կողմից սուբսիդավորվող սելիտրայի բաշխման գործընթացի մասով մի շարք խախտումներ են ի հայտ եկել: Պարզվում է՝ գյուղացիներին նախապես չեն իրազեկել մատակարարվող պարարտանյութի գնի մասին: Արդյունքում մինչեւ գյուղացուն մատակարարվելը սելիտրայի գինը մի քանի անգամ փոփոխվեց:

Օրինակ՝ գյուղացիները մեկ պարկ սելիտրայի համար նախապես վճարել էին 9000 դրամ, հետո՝ 12000 դրամ, սակայն օրեր անց իրենցից պահանջել էին ավելացնել եւս 2000 դրամ: Ստացվում է, որ մեկ պարկ սելիտրայի համար, 9000 դրամ վճարելու փոխարեն, նրանք վճարել են 14000 դրամ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատը պետության կողմից սուբսիդավորվող սելիտրայի բաշխման գործընթացում անհամապատասխանություններ է հայտնաբերել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Էկոնոմիկայի նախարարությունը Պալատին չի ներկայացրել նաեւ սուբսիդավորման համար սահմանված 1 պարկի դիմաց սուբսիդավորման առավելագույն գնի՝ 9000 դրամի հիմնավորումները։ Չի իրականացվել պարարտանյութերի շուկայական գների ուսումնասիրություն, եւ այն չի համադրվել մատակարարների կողմից առաջարկված վաճառքի գների հետ։

Արդյունքում մատակարարների կողմից պարարտանյութի մեծածախ առեւտրի (առանձին դեպքերում՝ մինչեւ 8000 տոննա) վաճառքի գինը չի զիջել շուկայում առկա մանրածախ առեւտրի գինը՝ 1 պարկը 20.000 դրամ, իսկ առանձին դեպքերում նույնիսկ գերազանցել է այդ գինը։ Բացի այս, պարզվել է, որ մատակարարների ցանկում ներառվելու համար դիմողներից չի պահանջվել ներկայացնել մատակարարվող պարարտանյութի գնի վերաբերյալ որեւէ տեղեկություն։

Մատակարարների հետ սուբսիդավորման պայմանագրեր են կնքվել՝ չիմանալով, թե մատակարարը ինչ գնով է մատակարարելու պարարտանյութը։ Չտիրապետելով մատակարարի կողմից առաջարկվող վաճառքի գնին՝ համայնքի ղեկավարը հայտ է ներկայացրել մատակարարին պարարտանյութերի քանակի, դրա դիմաց վճարումների եւ մատակարարման ժամկետների վերաբերյալ, եւ միայն դրանից հետո մատակարարը համայնքի ղեկավարին հայտնել է պարարտանյութի վաճառքի գինը, որից հետո մատակարարվել է այն։

Փաստորեն, գյուղացիները մատակարարի ընտրության հարցում որեւէ չափորոշիչ չեն ունեցել, տարօրինակ զուգադիպությամբ ընտրել են նույն մատակարարին։ Օրինակ` Հրազդան համայնքի բոլոր 674 շահառուները ընտրել են նույն ՍՊԸ-ն։

«Հրապարակ» թերթը գրում է.

Արցախում հումանիտար ճգնաժամին զուգընթաց խորանում է նաեւ ներքաղաքական ճգնաժամը: Նախագահ Արայիկ Հարությունյանը, ով վերջին ժամանակներում հայտնվել է Արցախի, անգամ հայաստանյան տարբեր շրջանակների թիրախում, անցնում է հակագրոհի: Նախագահին մոտ կանգնած աղբյուրներն ասում են, որ Հարությունյանի հոգուն է հասել, եւ նա որոշել է բացահայտել իր դեմ ծավալվող հակաքարոզչության բոլոր օջախները՝ ցույց տալով դրա շարժառիթները: Նախօրեին Արցախի ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որ Արցախում կան պաշտոնյաներ, որոնք սոցցանցերում կեղծ էջերով ապատեղեկատվություն են տարածել։ ԱԱԾ-ն պարզել է, որ ֆեյսբուքյան Artur Baghdasaryan անունով էջը, որը պարբերաբար հայտարարություններ է տարածում այս կամ այն պաշտոնատար անձանց կողմից կատարվող ենթադրյալ հանցավոր արարքների վերաբերյալ, կեղծանուն է` էջն օգտագործվում է պաշտոնատար անձի կողմից, ով խոստովանել է այդ մասին: Որոշ տեղեկություններով՝ նշված պաշտոնատար անձն Անվտանգության խորհրդի աշխատակից է՝ վարչության պետերից մեկը։

Կան տեղեկություններ նաեւ, որ նույն հիմնարկից նաեւ մի կին աշխատակցի են բացահայտել` դարձյալ կեղծ էջ օգտագործող, որի մասին ԱԱԾ-ն դեռեւս լռում է: Artur Baghdasaryan օգտատերն ԱԱԾ-ում խոստովանել է, որ իր գրառումներում տարբեր մարդկանց վերագրվող հանցանքներն իրականությանը չեն համապատասխանում, գրառումները կատարվել են անձնական նպատակներով: Ինչպես հայտնի է՝ մինչեւ վերջերս ԱԽ-ն ղեկավարում էր Վիտալի Բալասանյանը, ով այժմ Արցախի նախագահի խորհրդականն է, ինչը նշանակում է, որ «բացահայտված» պաշտոնյան կարող է կապ ունենալ Բալասանյանի հետ:

«Հրապարակ» թերթը գրում է.

Թաիլանդի քաղաքացի Կաչաչատ Բունդին ՀՀ Վարչական դատարան հայց է ներկայացրել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի դեմ` խնդրելով պարտավորեցնել, որ նա իրեն ՀՀ քաղաքացիություն շնորհի: Վարչական դատարանը հայցը վարույթ է ընդունել։ Պարզվում է՝ Կաչաչատ Բունդին Հայաստանում է արդեն 5 տարի, հիմնադրել է Thai take away ռեստորանը, աշխատատեղեր է ստեղծել, անգամ բարեգործություն արել: Նա նաեւ «Գլաձոր» համալսարանում ասպիրանտ է: Սակայն ՀՀ ԱԱԾ-ն բացասական կարծիք է տվել, վարչապետը Վահագն Խաչատուրյանին առաջարկել է նրան քաղաքացիություն չշնորհել, ինչն էլ թաիլանդցին վիճարկում է դատարանում:

«Հրապարակ» թերթը գրում է.

ՔՊ-ում ՄԻՊ թեկնածուի ընտրության հարցի վերաբերյալ երեկ մինչեւ ուշ երեկո նիստ չէին հրավիրել եւ թեկնածուի հարցը չէին քննարկել: Ավելին՝ ՔՊ-ական պատգամավորները գաղափար անգամ չունեին, թե իրենց խմբակցությունն ում է ներկայացնելու ՄԻՊ թեկնածուի պաշտոնում, մինչդեռ երեկ վերջնաժամկետն էր: Օրվա ավարտին պարզ դարձավ,որ իշխող ուժը թեկնածու չի ներկայացրել ԱԺ պատկան հանձնաժողովին:

Ի դեպ, թեկնածու չեն առաջադրել նաեւ ընդդիմադիր երկու խմբակցությունները: ԱԺ կանոնակարգ օրենքը սահմանում է՝ եթե սահմանված ժամկետում Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովին թեկնածու չի առաջադրվում, ապա դրանից հետո՝ տասնօրյա ժամկետում, համապատասխան պաշտոնում կարող են առաջադրվել թեկնածուներ:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Աննա Վարդապետյանը պատժում է իր դեմ դուրս եկած պաշտոնյաներին: Եվ այսպես, անցած տարի «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նորանշանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ցանկալի թեկնածուներից մեկը չի կարողացել տեղափոխվել ՀՀ գլխավոր դատախազություն եւ նշանակվել դատախազի տեղակալ:

Այս հանգամանքը խիստ զայրացրել էր Աննա Վարդապետյանին, որ նրա ցանկալի թեկնածուին կտրել են քննությունից. նա խիստ վրդովվել էր, թե ինչպես է Գլխավոր դատախազության որակավորման հանձնաժողովը իր ցանկալի թեկնածուին կտրել քննությունից: Աննա Վարդապետյանը ցանկացել էր իրեն տեղակալ նշանակել ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի նախկին պետ Հակոբ Գեւորգյանին։

Արդյունքում Գեւորգյանը դիմում էր ներկայացրել որակավորման հանձնաժողով եւ քննություն հանձնել, սակայն սեպտեմբերի 29-ին կտրվել էր քննությունից։ Գլխավոր դատախազի ցանկալի թեկնածուին կտրողներից մեկը գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կազմից Արդարադատության ակադեմիայի ռեկտորն էր, որին Վարդապետյանը որոշել է պատժել: Այսպիսով, որոշում է կայացվել գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կազմից հանել Արդարադատության ակադեմիայի ռեկտորին:

Այդ կանոնակարգումը ենթադրող նախագիծը երեկ քննարկվել է ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Հիմնավորման մեջ նշվում է, թե կարող են առաջանալ շահերի բախման իրավիճակներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գլխավոր դատախազին առընթեր այդ հանձնաժողովը դերակատարում ունի դատախազների թեկնածուների ցուցակի կազմման եւ դատախազների ատեստավորման գործընթացում: Իրականում, սակայն, Աննա Վարդապետյանը պատժում է ռեկտորին, որ իր ցանկալի թեկնածուին չի անցկացրել:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործը, որը շուրջ երկու տարի է դռնփակ քննվում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, մոտեցել է ավարտական փուլին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հարցաքննվել են գրեթե բոլոր վկաները, եւ քրեական գործն արդեն մոտեցել է վերջաբանին: Տեսնենք, թե ինչ որոշում կկայացնի դատարանը: Հիշեցնենք, որ ԱԱԾ-Ն ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի նկատմամբ պետական գաղտնիք հրապարակելու փաստի առթիվ հարուցել էր քրեական գործ, քանի որ նա պատերազմի ընթացքի մասին մի շարք աղմկահարույց բացահայտումներ էր արել:

Գործը մակագրվել էր դատավոր Վաչե Մարգարյանին, որը հրաժարվել էր քննել այն՝ նշելով, որ Մովսես Հակոբյանի զինվորն է եղել ու նրա կողմից խրախուսանքի է արժանացել, ինչի արդյունքում գործը մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին: