Ադրբեջանի հետ բանակցում ենք, որ թույլ տան՝ 3 անհետ կորածների մարմինները գտնենք

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը զերծ է մնում գնահատել իրենից առաջ ՊՆ-ում տեղի ունեցածը՝ այդպիսով խուսափելով արձագանքել Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե 2020-ին իրենք գիտեին՝ հայկական բանակն ուժեղ է, դրա համար զիջումների չգնացին։ Սակայն, ըստ Փաշինյանի, հետո պարզվեց, որ այդպես չէ․ բանակն այդքան էլ ուժեղ չէր։ Նա նշեց, սակայն, որ հիմա ամեն քայլ արվում է, որ մենք ունենանք մարտունակ ու ժամանակակից մարտահրավերներին դիմագրավելուն ունակ բանակ։

Ինչ վերաբերում է սեպտեմբերյան մարտերի ընթացքում զոհված զինծառայողների մարմինները դուրս բերելուն ուղղված քայլերին, ապա Արման Սարգսյանը նշեց, որ սեպտեմբերի 13-14-ին տեղի ունեցած մարտերի հետևանքով զոհված զինծառայողների թիվը 224 է, որոնց աճյուններն արդեն ամփոփվել են մայր հողում։

«Երեք զինծառայողի գտնվելու վայրն էլ մինչ այս պահն անհայտ է, բայց նրանց գտնվելու վայրը պարզելու և մարմինները դուրս բերելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում»,- ասաց նա։

ՊՆ փոխնախարարի խոսքով՝ ամեն ինչ արվում է, ընդհուպ՝ ադրբեջանական կողմի հետ բանակցություններ, որ հնարավորություն տրվի դուրս բերել մարմինները։

«Մենք որևէ խոչընդոտ չունենք հնարավորության դեպքում արձագանքելու»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։