Երեխայիս վարդագույն պայուսակը փրկել է նրան գյուղի վրա թափվող հրթիռակոծության բեկորներից

«Ասացի` Տե՛ր, եթե մեզանից մեկին պիտի տանես, ապա փրկիր երեխայիս, ինձ տար...»: MediaHub-ի հետ զրույցում Մադլենա Օհանջանյանը պատմում է մի քանի րոպեում իր հետ կատարվածը ամենադժոխային օրը՝ սեպտեմբերի 19-ը, որը փոխել է երիտասարդ կնոջ երազանքներն ու կյանքի հանդեպ ընկալումները։
Մադլենան բռնի տեղահանությունից հետո խնամքով է պահում մանկահասակ դստեր՝ Մարիի վարդագույն պայուսակը, որը փրկել է աղջկան գյուղի վրա թափվող հրթիռակոծության բեկորներից։
«Մինչև պատերազմը սկսելը Բերքաձորի դպրոցում, որտեղ դասավանդում էի, լարվածության մասին լուրեր էին պտտվում, տագնապ կար։ Քանի որ շրջափակման մեջ էինք, վառելիք չլինելու պատճառով երեխաս այլևս Ստեփանակերտի մանկապարտեզ չէր գնում, իսկ ամուսինս ոտքով էր հասնում մայրաքաղաք՝ դասավանդելու նպատակով։ Երեխաս մեր ուսուցիչներից մեկի տանն էր, նրա աղջկա խնամքի տակ։ Դպրոցի տնօրենը եկավ, ասաց` «7-րդ ժամը չանես, ամեն դեպքում չգիտենք ինչ կլինի, երեխաներին ուղարկի տուն»։ Բաց թողեցի, ես էլ գնացի երեխայի հետևից։ Երբ հասա տեղ սկսվեց»,- պատմում է Մադլենան։
Արցախի այս փոքր գյուղի վրա կրակում էին միանգամից մի քանի զինատեսակներով։ Մադլենան ասում է` կրակը գնալով ավելի էր ուժգնանում։ Գյուղի երկհարկանի շենքերը դղրդում էին, մարդիկ մտել էին ապաստարան։
«Ես գրկել էի Մարիին ու իջել ենք այդ տան նկուղ, որը պաշտպանված չէր: Այդտեղ մնալուց հետո ես գրկեցի փոքրիկիս, ու Աստղիկի հետ վազեցինք ավելի ապահով վայր, որը մեզանից հեռու էր, դա դպրոցի մոտ գտնվող տներից մեկն էր, որի նկուղը բավականին լավ վիճակում էր։ Հեռախոսս ընկավ ճանապարհին։ Աստղիկը հետ գնաց, որ բերի, ես գոռում էի, որ «պետք չի հեռախոսը, արի՜», ու մեկ էլ սկսեցին կրակել այն տեղանքի վրա, որտեղ մենք էինք։ «Գրադով» հարվածեցին դպրոցին, ուղիղ թիրախով խփեցին բնակելի շենքերից մեկի վրա, մեկ էլ զգացի՝ ասկոլկաներից մեկը եկավ ուղիղ մեջքիս։ Ինքնազգացողությունս վատացավ, իրերով լի պայուսակը թողեցի գետնին, Մարիին պինդ գրկեցի, չգիտեի` ինչ է կատարվում։ Իմ արյունը տեսնելով` սկսեցի ստուգել երեխային, տեսա, որ անվնաս է»,- հիշում է Մադլենա Օհանջանյանը։
Նրան օգնության են հասել գյուղի տղաները, ապաստարան տեղափոխել։ Իսկ Մադլենայի ամուսինը՝ Տիգրան Ներսիսյանը, Ստեփանակերտից վերցրել է ընկերոջ հեծանիվն ու ճամփա ընկել։ Դժվարությամբ հասել է Բերքաձոր ու տեսել կատարվածը։
«Որ եկավ, վրան վիճակ չկար, քրտինքի մեջ կորած էր։ Անգամ հարվածների ալիքներից 2 անգամ ընկել է հեծանիվից։ Երբ ես գնացի ապաստարան, վիճակն այնտեղ ահավոր էր, որովհետև ավելի ծանր վիճակում գտնվող վիրավորներ կային։ Երբ փորձել եմ բացել Մարիի պայուսակը, որ փոխեմ երեխայի հագուստը, այդ ժամանակ եմ նկատել, որ երեխայի պայուսակը պատռվել է բեկորից, իսկ երկաթի կտորը պայուսակի մեջ է հայտնվել։ Փաստորեն, եթե չլիներ այդ պայուսակը, գուցե վիճակն այլ կլիներ, կա՛մ երեխայիս մեջքը կվնասեր, կա՛մ իմ ոտքը»,- պատմում է նա։
Հայաստան տեղահանվելուց հետո Մարին մանկապարտեզ է հաճախում։ Այստեղ տեսել է վարդագույն պայուսակից մեկն ու համոզել ծնողներին, որ նույնից առնեն. «Երեխայի հիշողությունից չի մաքրվում այդ օրը։ Ամեն անգամ գրկում է պայուսակն ու ասում՝ «մաման ընկել էր գետնին»»։
Մադլենայի ընտանիքը գաղթի ճամփան բռնել է սեպտեմբերի 25-ին։ Երկար մնալ չէր կարող, քանի որ ճգնաժամ էր՝ «մի կտոր հացով երեխան չէր կշտանում, ո՛չ ուտելիք կար, ո՛չ էլ դեղորայք»։
Հունան Թադևոսյան